ԱՄՆ չորս համայնքներում հազարավոր բժշկական գրառումների մանրամասն վերլուծության հեղինակները հայտարարել են, որ տարեց մարդկանց մոտ լսողության կորստի և դեմենցիայի զարգացման միջև սերտ կապի լրացուցիչ ապացույցներ են գտել։  

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի ծանր լսողության կորստով տարեց մարդիկ ավելի հաճախ են տառապում դեմենցիայով, և որ լսողական սարքեր օգտագործողների մոտ ավելի քիչ հավանական է դեմենցիայի զարգացումը, քան նրանց մոտ, որոնք այդ սարքերը չեն օգտագործում, թեև պատճառահետևանքային կապը դեռևս ապացուցված չէ:

Ջոն Հոփկինսի համալսարանի, Նյու Յորքի և այլ համալսարանների գիտնականների վկայությամբ, աշխարհում առաջին անգամ այս կապի  ուսումնասիրությունը, որին մասնակցել են հազարավոր հիվանդներ ամբողջ երկրում, էլ ավելի ամրապնդեց այդ կապը և ընդգծեց տարեցների շրջանում լսողության կորստի դեմ պայքարելու կարևորությունը:

Նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Otolaryngology-Head & Neck Surgery ամսագրում, ուսումնասիրվել են մոտ 3000 մարդու բժշկական քարտերը, որոնք մասնակցել են երկարաժամկետ հետազոտությանը, որը սկսվել է 38 տարի առաջ և դեռ շարունակվում է:

Ուսումնասիրելով միջինը 75 տարեկան 2946 մասնակիցների մասին գրառումները, որոնց մոտ օբյեկտիվ գնահատմամբ լսողության կորուստ է հայտնաբերվել, ներառյալ ութ տարվա ընթացքում նրանց հետևելու մասին տեղեկատվությունը, հետազոտության հեղինակները հաշվարկել են, որ բնակչության այս խմբի մեջ դեմենցիայի գրեթե յուրաքանչյուր երրորդ նոր դեպքը կարելի է «վերագրել լսողության զգալի կորստի կլինիկական դրսևորմանը»։