Մեծ Բրիտանիայի Դուրհամի համալսարանի գիտնականները պարզել են, որ բարձր եկամուտ ունեցող մարդիկ իրենց ավելի հագեցած են զգում, քան ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food Quality and Preference (FQP) հանդեսում:
Փորձին մասնակցել է տարբեր սոցիալական ծագմամբ 96 ուսանող: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկել են ափսե՝ 70 կտոր կաթնային շոկոլադով և խնդրել են ուտել այնքան, որքան ցանկանում են՝ միաժամանակ գնահատելով քաղցրավենիքի համը։
Համտեսի ժամանակ գիտնականները չափել են սրտի զարկերի հաճախականությունը։ Այդ ցուցանիշը արտացոլում է աղիքների և ուղեղի կապը, ինչպես նաև սովի և հագեցվածության զգացումը կարգավորող թափառող նյարդի ակտիվությունը։
Ինչպես պարզաբանեց հետազոտության առաջատար հեղինակ Մարիո Վեյքը, ավելի հարուստ ընտանիքների մասնակիցներն ավելի լավ են ապավինել իրենց մարմնի ներքին ազդանշաններին. նրանք դադարում էին ուտել, երբ հագեցած էին զգում: Այն ուսանողների շրջանում, ովքեր մեծացել էին ոչ այնքան բարենպաստ պայմաններում, այս կապն ավելի թույլ էր. հաճախ նրանք ավելի շատ էին ուտում:
Նախկինում ենթադրվում էր, որ ուտելու սովորությունները ձևավորվել են հիմնականում արտաքին գործոնների, մասնավորապես՝ սննդի առկայությունը ազդեցության տակ: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարևոր դեր է խաղում նաև այն, թե որքան զգայուն է մարդը սեփական մարմնի ազդանշանների նկատմամբ: Առայժմ փորձն անցկացվել է միայն շոկոլադով, սակայն ապագայում գիտնականները նախատեսում են ստուգել՝ արդյոք այդ ազդեցությունը տարածվում է սննդի այլ տեսակների վրա։






