Մայո բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Տուրետի համախտանիշի հնարավոր պատճառները։ Պարզվել է, որ այս խանգարմամբ տառապող մարդիկ ուղեղի որոշ հատվածներում ունեն 50 տոկոսով ավելի քիչ արգելակող նեյրոններ (ինտերնեյրոններ): Հետազոտությունը հրապարակվել է Biological Psychiatry (BioPsy) գիտական ​​ամսագրում:

Տուրետի համախտանիշը բնութագրվում է ակամա շարժումներով եւ ձայներով (տիկեր): Շարժման տիկերը ներառում են թարթումը, գլխի եւ ուսերի ցնցումը եւ ծամածռությունը, մինչդեռ ձայնային տիկերը ներառում են հազը եւ պատահական բառեր եւ արտահայտություններ արտասանելը: Հազվագյուտ դեպքերում (10 տոկոսից պակաս) այդ արտահայտություններն անպարկեշտ են լինում։

Գիտնականները վերլուծել են մահվանից հետո ուղեղի հյուսվածքի ավելի քան 43 հազար առանձին բջիջներ՝ համեմատելով Տուրետի համախտանիշ ունեցող եւ չունեցող մարդկանց նմուշները: Դա արվել է միաբջիջ ՌՆԹ հաջորդականացման տեխնոլոգիաների, էպիգենետիկ գեների կարգավորման վերլուծության եւ նեյրոբորբոքային մարկերների ուսումնասիրության միջոցով:

Թիմը հայտնաբերել է արգելակող ինտերնեյրոնների անբավարարություն բազալ գանգլիաներում՝ ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են շարժման համար: Բացի այդ, փորձագետները նկատել են էներգետիկ փոխանակության խախտում միջին փշաձեւ նեյրոններում (շարժման հրամանների հիմնական հաղորդիչներ):

Հետազոտությունը ճանապարհ է բացում ինտերնեյրոնների հավասարակշռությունը վերականգնող թիրախային դեղամիջոցների մշակման եւ էպիգենետիկ մարկերների վրա հիմնված վաղ ախտորոշման մեթոդների ստեղծման համար։