Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարի միջոց են մշակել՝ կիրառելով միկրոգլիայի «խելացի» բջիջները, որոնք կարող են հայտնաբերել և ոչնչացնել ուղեղի թունավոր սպիտակուցները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Stem Cell (CSC) բժշկագիտական հանդեսում:
Միկրոգլիան ուղեղի իմունային բջիջներն են, որոնք կարևոր դեր են խաղում նյարդային հյուսվածքի պաշտպանության գործում: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները նրանց «սովորեցրել են» ճանաչել ամիլոիդային թիթեղները՝ Ալցհայմերի հիվանդությանը բնորոշ բետա-ամիլոիդի կուտակումները: Երբ ձևափոխված բջիջները հայտնաբերում էին թիթեղներ, սկսում էին արտազատել նեյրոլիզին ֆերմենտը, որն ունակ է քայքայելու թունավոր սպիտակուցը: Այս գործընթացը տեղի է ունեցել բարձր ճշգրտությամբ՝ ֆերմենտը ակտիվացել է միայն ուղեղի տուժած տարածքների մոտ։
«Մենք ստեղծել ենք կենսաբանական պրեպարատների առաքման կենդանի, ինքնակարգավորվող համակարգ, որն աշխատում է ուղեղի ներսում և միանում է միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է»,- բացատրում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Բարթոն-Ջոնսը:
Նոր թերապիան արդեն փորձարկվել է Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մկների վրա։ Այն օգնել է կրծողների ուղեղում բետա-ամիլոիդի քանակը և բորբոքումը նվազեցնելուն, ինչպես նաև նեյրոններն ու սինապսները պաշտպանում է ոչնչացումից: Բացի դրանից. կենդանիների արյան մեջ նվազել է կենսամարկերների մակարդակը, որը ցույց է տալիս նյարդային հյուսվածքի վնասը: Սա մատնացույց է անում նոր տեխնոլոգիայի ներուժը՝ որպես ոչ միայն հիվանդության առաջընթացը դանդաղեցնելու, այլև՝ առկա վնասը վերացնելու միջոցի:
Թիմը նաև փորձարկել է փոփոխված միկրոգլիայի վարքագիծը այլ հիվանդությունների մոդելներում, ներառյալ ուղեղի քաղցկեղը և ցրված սկլերոզը: Երկու դեպքում էլ բջիջները ցուցաբերել են յուրահատուկ արձագանքներ և գենետիկական ակտիվություն, ինչը ցույց է տալիս, որ մեթոդը կարելի է օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի մի շարք պաթոլոգիաների բուժման համար:






