Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ մատչայի՝ փոշի կանաչ թեյի մշտական օգտագործումը կարող է բարելավել հուզական ընկալումն ու քնի որակը տարեց մարդկանց մոտ, որոնք կոգնիտիվ նվազման նշաններ ունեն։ Աշխատանքը հրապարակվել է PLOS ONE ամսագրում։

Մատչան՝ ավանդական ճապոնական ըմպելիքը, պատրաստվում է ամբողջական մանրացված թեյախոտերից, ի տարբերություն սովորական կանաչ թեյի, երբ օգտագործվում է  միայն թուրմը։ Շնորհիվ աճեցման հատուկ պայմանների եւ հարուստ բաղադրության՝ այն պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ եւ կոֆեին։ Ճապոնական մշակույթում մատչան վաղուց զուգորդվում է մեդիտատիվության եւ ծեսերի հանդեպ ուշադրության հետ, սակայն այժմ գիտնակաները փորձում են ուսումնասիրել նաեւ նրա հնարավոր ազդեցությունն ուղեղի առողջության վրա։

Հետազոտությանը, որն իրականացվել է պրոֆեսոր Կաձուհիկո Ուտիդայի ղեկավարությամբ, մասնակցել է 60-85 տարեկան 99 մարդ, որոնք հիշողության թեթեւակի խանգարումներ են ունեցել։ Փորձարկվողներին բաժանել են երկու խմբի. մեկն ամեն օր ընդունել է հաբեր, որոնք համարժեք են եղել երկու գրամ մատչային (ինչպես ավանդական թեյի արարողությունում), երկրորդը ստացել է դատարկահաբ։ Հետազոտությունը շարունակվել է 12 ամիս, ինչից հետո մասնակիցներն անցել են թեստեր կոգնիտիվ ունակությունների, հույզերի ընկալման, քնի որակի եւ ամենօրյա ակտիվության մասին։ Լրացուցիչ օգտագործվել է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա ուղեղում փոփոխությունները գնահատելու համար։

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր մատչա են ընդունել, բարելավվել է հույզերի ճանաչումը դեմքի արտահայտությամբ, ինչպես նաեւ լավացել է քնի որակը։ Սակայն այլ կոգնիտիվ ոլորտներում եւ ամենօրյա խնդիրները հաղթահարելու հարցում նշանակալի փոփոխություններ չեն գրանցվել։