Բուսական յուղերը տավարի ճարպով փոխարինելու միտումը որևէ օգուտ չի տալիս առողջությանը։ Երկրորդ տարբերակը պարունակում է ավելի շատ հագեցած ճարպաթթուներ, որոնց չարաշահումը վնասակար է։ Դրա մասին MedicalXpress բժշկագիտական հանդեսին պատմել է Տարեց հասակում մարդու սննդի հետազոտական ​​կենտրոնի (ԱՄՆ) ավագ գիտաշխատող Ալիս Հ. Լիխտենշտեյնը։

Ըստ մասնագետի՝ սոցիալական ցանցերում ավելի ու ավելի հաճախ են տեղադրում բաղադրատոմսեր, որոնցում առաջարկվում է սնունդը տապակել տավարի ճարպի մեջ՝ սովորական բուսական յուղերի փոխարեն։ Տավարի ճարպը շուկայում առաջարկվում է որպես յուղերի «առողջ» փոխարինող՝ այն պնդումների ֆոնին, որ վերջիններս օրգանիզմում առաջացնում են բորբոքում և նպաստում են խրոնիկական հիվանդությունների առաջացմանը։ Արևածաղկի սերմերից ստացված ձեթի նման յուղերը սխալմամբ համարվում են առանձնապես վնասակար։

«Չկան գիտական ​​​​ապացույցներ, որոնք կենթադրեն, որ մարդկանց օգտագործած բուսայուղերի քանակն առողջության վրա բացասաբար է ազդում, մասնավորապես բորբոքման ձևով», - բացատրել է գիտնականը:

Նա հավելել է, որ բուսական յուղերը, ընդհակառակը, ավելի հարմար են սննդային արժեքի բարելավման համար։

«Ձեթի՝ առողջության համար օգտակար հատկությունների ամենակարևոր գործոնը հագեցած կամ չհագեցած ճարպաթթուների (որոնք ներառում են նաև մոնոչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր) պարունակությունն է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սրանցով հարուստ սննդակարգը նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը և բարելավում ընդհանուր առողջությունը»,- ընդգծել է Լիխտենշտեյնը։

Կենդանական ճարպերը հարուստ են հագեցած ճարպերով։ Սննդակարգում դրանց ավելցուկը կարող է բարձրացնել ընդհանուր խոլեստերինի մակարդակը և հավասարակշռությունը տեղափոխել «վատ» տեսակի (LDL) կողմը, ինչը մեծացնում է ճարպակալման, 2-րդ տիպի շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։