Մակգիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրգանիզմից սենեսցենտային «զոմբի բջիջների» հեռացումը կարող է վերացնել մեջքի քրոնիկական ցավերի հիմնական պատճառը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Սենեսցենտային բջիջները, որոնք հաճախ կոչվում են «զոմբի-բջիջներ», կուտակվում են ողնաշարի սկավառակներում, երբ հյուսվածքները ծերանում: Նրանք դանդաղեցնում են մարմնի վերականգնողական կարողությունները, ինչպես նաեւ առաջացնում են բորբոքում եւ ցավ:
Գիտնականները ենթադրել են, որ հենց ծերացող բջիջների կուտակումն է մեջքի ցավի հիմնական պատճառը: Այս վարկածը ստուգելու համար հետազոտողների թիմը մկներին ներարկել է երկու դեղամիջոց՝ բնական միացություն, որը կոչվում է օ-վանիլին (ortho-Vanillin) եւ քաղցկեղի դեմ պայքարի դեղամիջոց RG-7112: Դրանք փորձարկվել են ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին։
Բուժման ութ շաբաթվա ընթացքում դեղամիջոցները «մաքրել են» կրծողների ողնաշարը «զոմբի-բջիջներից» եւ դանդաղեցրել (կամ նույնիսկ կանգնեցրել) ողնաշարի սկավառակների վնասումը: Դեղերից յուրաքանչյուրն ունեցել է բարերար ազդեցություն, սակայն ամենամեծ ազդեցությունը ձեռք է բերվել, երբ դրանք օգտագործվել են համատեղ։
Գիտնականների խոսքով՝ օ-վանիլինը հետազոտության մեջ ընդգրկվել է գրեթե պատահաբար։ Հետազոտության հեղինակները նշել են այս բնական միացության հակաբորբոքային հատկությունները եւ որոշել են ստուգել՝ արդյոք այն նկատելի թերապեւտիկ ազդեցություն ունի։
Ապագայում գիտնականները նախատեսում են բարելավել օ-վանիլինի կառուցվածքը, որպեսզի այն ավելի երկար մնա օրգանիզմում։ Գիտնականները նաեւ ցանկանում են պարզել՝ արդյոք այն արդյունավետ կլինի մարդկանց համար։ Հետազոտողները ենթադրում են, որ օ-վանիլինը RG-7112-ի հետ համատեղելը կարող է բուժել տարիքի հետ կապված այլ հիվանդություններ, ինչպիսին է արթրիտը կամ օստեոպորոզը:






