Ջերմային շոկի HSF2 սպիտակուցները, որոնք օգնում են բջիջներին հաղթահարել բարձր ջերմաստիճանը եւ այլ սթրեսային գործոնները, կարող են դեր խաղալ քաղցկեղի առաջացման գործում: Այսպիսի եզրակացության են եկել Աբո ակադեմիայի (Ֆինլանդիա) հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Pathogens ամսագրում:
Բջջային գծերի եւ լաբորատոր մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ HSF2-ն ի վիճակի է առաջացնել հերպեսի վիրուսների վերակտիվացում լատենտ վիճակից: Խոսքը Կապոշի սարկոմայի հերպեսի վիրուսի (KSHV) եւ Էփշթեյն-Բարի վիրուսիը (EBV) մասին է, որոնք երկուսն էլ կապված են քաղցկեղի տարբեր ձեւերի զարգացման հետ:
Այդ վիրուսները կարող են ամբողջ կյանքի ընթացքում «քնել» մարդու մարմնում՝ առանց ախտանիշներ առաջացնելու։ Սակայն որոշակի պայմաններում դրանք մտնում են ակտիվ փուլ, ինչը հեշտացնում է դրանց տարածումը եւ մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը։ Մինչ այժմ անհայտ էր մնում, թե բջջային որ մեխանիզմներն են առաջացնում այդ անցումը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ HSF2-ը կարեւոր դեր է խաղում այս գործընթացում: Այն կապվում է վիրուսային գեների հետ եւ օգնում նրանց քրոմատինային կառուցվածքը (բջջի ներսում ԴՆԹ «փաթեթավորումը») ավելի «բաց» դարձնել ակտիվացման համար։ HSF2 մակարդակի բարձրացումը մեծացնում է վիրուսի ակտիվությունը, մինչդեռ HSF2 մակարդակի նվազումը, ընդհակառակը, արգելակում է վիրուսային գեների էքսպրեսիան։
«Ավելի վաղ HSF2-ը երբեք չի կապվել վիրուսների կենսական ցիկլի հետ, եւ այս բացահայտումը կարող է էապես փոխել մեր պատկերացումները վիրուսների հետ կապված՝ քաղցկեղի հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմների մասին»,- նշել են հետազոտության հեղինակները:






