Քանի որ մկանային զանգվածը նվազում է տարիքի հետ, հագուստը կոնքերի և ձեռքերի հատվածում դառնում է ավելի ազատ։ Ի հայտ է գալիս նաև թուլության զգացում՝ տնային գործեր անելիս, մարդը սկսում է անգիտակցաբար խուսափել աստիճաններից։ Դրա մասին The Conversation-ին պատմել է Լիմերիկի համալսարանի սպորտային և առողջարար սննդի դոցենտ Քեթրին Նորթոնը։
Տարիքի հետ մկանային զանգվածի կորուստը կոչվում է սարկոպենիա։ Կմախքային մկանները, դրանց ուժն ու զանգվածը, մեծ դեր են խաղում առողջության պահպանման և ակտիվ կյանքի տևողության ավելացման գործում։ Ըստ դոկտոր Նորթոնի՝ մկանային զանգվածի կորուստը կարող է սկսվել արդեն 30 տարեկանից և լրացուցիչ արագանալ 60 տարեկանից հետո։
Այս գործընթացը շրջելու համար գիտնականը խորհուրդ է տալիս օգտագործել ավելի շատ սպիտակուցներով հարուստ սնունդ։ Ըստ նրա՝ տարեցների օրաբաժինը պետք է ավելի շատ սպիտակուց պարունակի, քան երիտասարդներինը։ Օպտիմալ քանակը մեկ կիլոգրամ քաշի համար մոտ 1-1,2 գրամ է։ Սպիտակուցի լավ աղբյուրների շարքին են պատկանում ձուն, կաթնամթերքը, ոսպը, լոբին, տոֆուն, ձուկը, միսը և ընկույզը։ Մասնագետը խորհուրդ է տալիս նաև չմոռանալ մարզումների մասին՝ կենտրոնանալով ուժային վարժությունների վրա։
Նորթոնը միաժամանակ խորհուրդ է տալիս ուշադիր լինել մարմնի «ազդանշանների» նկատմամբ։ Մկանային զանգվածի կորստի մասին կարող են վկայել կենցաղային ծանրություններ (օրինակ՝ մթերքի պայուսակներ) բարձրացնելիս թուլությունը, աստիճաններից իջնել-բարձրանալուց անգիտակցաբար խուսափելն ու աթոռից վեր կենալու դժվարությունը։ Բացի դրանից, սարկոպենիայի դեպքում հագուստը կոնքերի և թևերի շրջանում ավելի ազատ է դառնում:






