ESSENCE III փուլի կլինիկական փորձարկման արդյունքները, որոնք հրապարակվել են New England Journal of Medicine բժշկագիտական  հանդեսում, ցույց են տալիս, որ հիվանդներին սեմագլուտիդով բուժելը կարող է դադարեցնել և նույնիսկ հետ շրջել լյարդի հիվանդությունը։

37 երկրների 253 կլինիկական կենտրոններում անցկացված հետազոտությունը դիտարկել է նյութափոխանակության դիսֆունկցիային առնչվող ստեատոհեպատիտ (MASH) անունով հայտնի կյանքին սպառնացող լյարդի հիվանդություն ունեցող մասնակիցների արդյունքները։

Սա առաջին կարգավորող մակարդակի ուսումնասիրությունն է, որը ցույց է տալիս սեմագլուտիդի օգուտը MASH-ով մարդկանց շրջանում։ Հետազոտությունը ղեկավարում են երկու գլխավոր հետազոտողներ՝ Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Ֆիլիպ Նյուսոմը և ԱՄՆ Վիրջինիայի համալսարանին առընթեր բժշկական դպրոցի Արուն Սանյալը։ Ստեատոզին առնչվող լյարդի հիվանդությունը, որը ավելի վաղ հայտնի էր որպես ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդություն (Non-alcoholic fatty liver disease), լյարդում ավելորդ ճարպի կուտակումից առաջանում լյարդի խրոնիկական հիվանդություն է։ MASH-ը ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության ավելի ծանր ձև է:

Այն սերտորեն կապված է ճարպակալման և այլ, մասնավորապես՝ 2-րդ տիպի շաքարախտի և սրտի ու արյան շրջանառության հիվանդությունների հետ։ Ժամանակի ընթացքում լյարդում ճարպի կուտակումը կարող է հանգեցնել բորբոքման, լյարդի ֆիբրոզի, ցիռոզի և լյարդի քաղցկեղի։

Գիտականները որոշել են հետազոտել սեմագլուտիդը որպես ապաքինման պոտենցիալ միջոց, քանի որ դեղերի այդ դասն օգնում է նվազեցնել ճարպային նստվածքները և լյարդի սպիները MASH-ից տառապող մարդկանց շրջանում։

2021 թվականի մայիսի 27-ից մինչև 2023 թվականի ապրիլի 18-ը 800 մասնակից պատահականորեն բաժանվել են շաբաթական մեկ անգամ 2,4 միլիգրամ սեմագլուտիդ կամ պլացեբո, ինչպես նաև կենսակերպի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու։ Մասնակիցների կեսից ավելին 2-րդ տիպի շաքարախտ ուներ, իսկ մոտ երեք քառորդը տառապում էր ճարպակալումից։

ESSENCE հետազոտությունների արդյունքները 72 շաբաթ բուժումից հետո ցույց են տվել, որ մասնակիցների 62,9%-ի շրջանում նկատվել է ստեատոհեպատիտի (լյարդում ճարպի կուտակմամբ լյարդի բորբոքում) նվազում՝ պլացեբո ստացող մասնակիցների 34,3%-ի համեմատ։ Արդյունքները միաժամանակ ցույց են տալիս, որ սեմագլուտիդ խմբի հիվանդների 36,8%-ի շրջանում լյարդի ֆիբրոզի ցուցանիշների բարելավում է նկատվել՝ պլացեբո խմբի 22.4%-ի համեմատ։

Հետազոտողները այլ առավելություններ էլ են հայտնաբերել։ Սեմագլուտիդ ստացող բուժառուների շրջանում նաև նկատվել է լյարդի ֆերմենտների և լյարդի ֆիբրոզի այլ ցուցանիշների բարելավում, ինչպես նաև 10,5% քաշի կորուստ։ Սեմագլուտիդ խմբում ստամոքս-աղիքային համակարգի կողմնակի ազդեցությունները, մասնավորապես՝ սրտխառնոցը, լուծը, փորկապությունը և փսխումը, ավելի տարածված էին։ Հետազոտական ​​խումբը սեմագլուտիդի երկարատև լյարդի բարդությունների վրա ազդեցության վերաբերյալ տվյալներ հավաքելու համար հինգ տարվա ընթացքում 37 երկրներից մոտ 1200 մասնակից է ներգրավելու։