Նիդեռլանդների նյարդաբանության ինստիտուտի կողմից անցկացված նոր հետազոտությունը բացահայտել է ուղեղի երեք ամենատարածված խանգարումների միջև նմանություններն ու տարբերությունները։
Անքնությունը, դեպրեսիան և տագնապայնությունը ամենատարածված հոգեկան խանգարումներն են։ Բուժումը հաճախ անարդյունավետ է լինում, և շատ մարդկանց մոտ ախտանշանները վերադառնում են։ Ահա թե ինչու այդքան կարևոր է գտնել բուժման նոր ուղիներ։ Հատկանշական է, որ այս խանգարումները շատ բանով համընկնում են և հաճախ առաջանում են միաժամանակ։ Արդյո՞ք այս երևույթի հիմքում կարող է լինել ուղեղի ընդհանուր մեխանիզմը։
Հետազոտողներ Սիմոն դե Լանգեն, Էլլեկե Թիսինկը և Յուս վան Սոմերենը, Ամստերդամի Վրիյե համալսարանի իրենց գործընկերների հետ միասին, ուսումնասիրել են բրիտանական բիոբանկի ավելի քան 40,000 մասնակիցների ուղեղի պատկերները։
«Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ տարբեր ասպեկտներ, ինչպիսիք են ուղեղի հյուսվածքի կառուցվածքը և փոխկապակցվածությունը։ Բոլոր երեք խանգարումների դեպքում մենք դիտարկում ենք գլխուղեղի կեղևի մակերեսի փոքրացում, թալամուսի ավելի փոքր ծավալ և ուղեղի տարբեր շրջանների միջև ավելի թույլ փոխկապակցվածություն։ Բացի այդ, որոշ շեղումներ յուրահատուկ են յուրաքանչյուր խանգարման համար։ Օրինակ, անքնության ծանրությունը, ըստ երևույթին, ավելի սերտորեն կապված է պարգևատրման հետ կապված ուղեղի շրջանների ծավալի փոքրացման հետ։ Մյուս կողմից, դեպրեսիայի ծանրությունը, ըստ երևույթին, ավելի մեծ չափով կապված է խոսքի և զգացմունքների հետ կապված շրջաններում գլխուղեղի ավելի բարակ կեղևի հետ։ Ընդհակառակը, տագնապայնությունն ավելի արտահայտված է նշաձև մարմնի (amygdala) ավելի թույլ ռեակտիվության և այն շրջանների միջև ֆունկցիոնալ կապի պատճառով, որտեղ դոֆամինը, գլուտամատը և հիստամինը վճռորոշ դեր են խաղում հաղորդակցության մեջ», - պատմել են գիտնականներն իրենց հոդվածում, որը հրապարակվել է Nature Mental Health ամսագրում։
Թիսինկը նշում է, որ այս շրջանները թվում են իրարից անջատված, բայց եթե դրանք միասին համադրենք, կպարզվի, որ դրանք բոլորը մեկ շղթայի մաս են (նշաձև մարմին–հիպոկամպ–մեդիալ պրեֆրոնտալ կեղև)։
Այսպիսով, չնայած սրանք տարբեր շրջաններ են, բայց
դրանք բոլորը, ըստ երևույթին, ներկայացնում են խոցելիության տարբեր բեկորներ՝ նույն գլուխկոտրուկի շրջանակներում, պարզել են հետազոտողները։
«Մենք առաջին անգամ ուսումնասիրել ենք բոլոր երեք խանգարումները միաժամանակ և այսքան մեծ մասշտաբով։ Համակցված պաթոլոգիան (comorbidity) չափազանց բարձր է. մարդիկ կարող են զգալ այս խանգարումները իրենց կյանքի տարբեր փուլերում կամ զգալ դրանք բոլորը միանգամից։
Նրանց հիմքում ընկած մեխանիզմների շուրջ բազմաթիվ քննարկումներ կան։ Օրինակ, անքնության բուժումը երբեմն օգնում է նաև հաղթահարել դեպրեսիան, բայց ինչո՞ւ։ Շարունակելով ուսումնասիրել այս հարցը, մենք հույս ունենք գտնել նոր հուշումներ հետագա հետազոտությունների համար, ինչպես նաև բուժման ավելի արդյունավետ մեթոդներ», - եզրափակել են նրանք։






