Կանայք, որոնք 20 տարեկանում զգալի քաշ են հավաքում եւ ունենում են իրենց առաջին երեխան 30 տարեկանից հետո կամ երեխա չեն ունենում, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը գրեթե երեք անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր ավելի վաղ են ծննդաբերել եւ որոնց քաշը մնում է համեմատաբար կայուն, վկայում է ճարպակալման եվրոպական կոնգրեսում (ECO 2025) ներկայացված բրիտանական նոր հետազոտությունը, հաղորդել է Medical Xpress-ը։

Հետազոտության համար գիտնականները վերլուծել են 48 417 կանանց տվյալները (միջին տարիքը 57, մարմնի զանգվածի միջին ինդեքսը՝ 26,3 կգ/մ2), որոնք մասնակցել են PROCAS-ին՝ Մեծ Բրիտանիայում կրծքագեղձի սքրինինգի ենթարկվող կանանց ուսումնասիրությանը:

Կանայք բաժանվել են ըստ այն հանգամանքի, թե արդյոք նրանց առաջին հղիությունը եղել է վաղ (մինչեւ 30 տարեկան), ուշ (30 տարեկան եւ ավելի), թե զրոյական (երբեք երեխա չունեցած) եւ կապված է եղել չափահաս տարիքում քաշի ավելացման հետ: Քաշի ավելացումը հաշվարկվել է՝ մասնակիցներին խնդրելով հիշել իրենց քաշը 20 տարեկանում եւ այն հանել ընթացիկ քաշից: Կանանց հետեւել են միջինը 6,4 տարի, այդ ընթացքում 1 702-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։

Արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ վաղ առաջին հղիություն ունեցած կանայք հասուն տարիքում ավելի շատ քաշ են ավելացրել, քան ուշ առաջին հղիության դեպքում, ընդ որում՝ ավելի վաղ հղիության յուրաքանչյուր տարին կազմել է 0,21 կիլոգրամ հավելյալ քաշ:

Հետազոտությունը նաեւ հաստատել է գրականության տվյալները, որ առաջին հղիության վաղ շրջանը պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղից դաշտանադադարից հետո, եւ որ չափահաս տարիքում քաշի ավելացումը կապված է հիվանդության զարգացման մեծ ռիսկի հետ:

Սակայն հետազոտությունը չի հայտնաբերել այն բանի ապացույցները, որ առաջին հղիությունը վաղ տարիքում նվազեցնում է կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը՝ կապված քաշի ավելացման հետ։