Ավստրալիայի եւ Շվեդիայի գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ շիզոֆրենիա ունեցող մարդկանց ուղեղն ավելի արագ է ծերանում, քան առողջ մարդկանց ուղեղը, եւ դա կարելի է պարզել արյան թեստի միջոցով։ Պարզվել է, որ հիմնական գործոնը NfL սպիտակուցն է (նեյրոֆիլամենտի թեթեւ սպիտակուց): Հետազոտությունը հրապարակվել է Psychiatry Research (PsyRes) գիտականամսագրում:
NfL-ը նեյրոնների կառուցվածքային բաղադրիչն է, որը հայտնվում է արյան մեջ, երբ դրանք վնասվում են: Դրա մակարդակը բարձրանում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություն), ինչպես նաեւ բնական ծերացման ժամանակ։ Սակայն շիզոֆրենիա ունեցողների մոտ այդ գործընթացը շատ ավելի արագ է տեղի ունենում:
Հետազոտողները չափել են NfL-ի մակարդակը շիզոֆրենիա ունեցող մարդկանց մոտ եւ պարզել, որ տարիքի հետ դրանք ավելի կտրուկ են աճում, քան առողջ մարդկանց մոտ: Սա ցույց է տալիս ուղեղի արագացված ծերացումը: Սակայն երկբեւեռ խանգարում ունեցող պացիենտների մոտ նման օրինաչափություն չի հայտնաբերվել:
Ուղեղի սքանավորումները հաստատել են, որ շիզոֆրենիա ունեցող մարդկանց մոտ մոխրագույն եւ սպիտակ նյութի ավելի արագ նվազում է նկատվում, քան նորմալ ծերացողների պարագայում: Սա կարող է բացատրել հիվանդությանը բնորոշ կոգնիտիվ խանգարումը:
Շիզոֆրենիայի դեպքում ուղեղում սպիտակ եւ մոխրագույն նյութի քայքայումն արագ է տեղի ունենում, ինչը հանգեցնում է ավելի ծանր հետեւանքների, քան սովորական տարիքային փոփոխությունները:
NfL-ի հայտնաբերումը որպես մարկեր կարող է պարզեցնել շիզոֆրենիայի ախտորոշումը եւ վերահսկել դրա խորացումը: Ապագայում դա կօգնի մշակել նեյրոդեգեներացիան դանդաղեցնելու մեթոդներ:






