Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի գլխավորած միջազգային հետազոտական ​​​​խումբը բջիջների կողմից վնասակար սպիտակուցային կուտակումները հեռացնելու համար օգտագործվող կարևորագույն մեխանիզմ է բացահայտել։ Վերոնշյալ սպիտակուցները տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացում են հրահրում։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) բժշկագիտական ​​հանդեսում։

Խումբը պարզել է, որ ուբիկվիտին-ընտրողական անդֆոլդազ p97/VCP ֆերմենտն ագրեսոմներ կոչվող սպիտակուցային ագրեգատների քայքայման գործում կենտրոնական դեր է խաղում։ Սխալ ծալված սպիտակուցների այդ կույտերը ձևավորվում են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ և սովորաբար պետք է մաքրվեն բջջի կողմից։ Սակայն, եթե p97/VCP-ն խցանված է, մաքրման գործընթացը խաթարվում է, ինչը թունավոր նստվածքների կուտակման է հանգեցնում։

«Առանց այդ ֆերմենտի ագրեսոմները չեն քայքայվում ավելի փոքր բաղադրիչների և չեն արտազատվում։ Դա կարող է լինել սպիտակուցների ագրեգացիային առնչվող հիվանդությունների զարգացման պատճառներից մեկը»,-պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ Ալեքսանդր Բուխբերգերը։

p97/VCP մուտացիաներն արդեն հայտնի են որպես դեմենցիայի և ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի որոշ ձևերի պատճառ։ Պարկինսոնի հիվանդության դեպքում նեյրոններում Լյուիի մարմիններ են առաջանում՝ սպիտակուցների կլաստերներ, որոնք, գիտնականների համոզմամբ, կարող են «չջնջված» ագրեսոմներ լինել։

Նոր տվյալները հաստատում են, որ p97/VCP դիսֆունկցիան նպաստում է այդ պաթոլոգիաների զարգացմանը՝ խաթարելով բջջային բնական մաքրման գործընթացը։

Այդ հայտնագործությունը   ճանապարհ է բացում այնպիսի դեղամիջոցների մշակման համար, որոնք ի վիճակի են ակտիվացնել p97/VCP-ն՝ վնասակար սպիտակուցների քայքայումը խթանելու համար։