Վանդերբիլտի համալսարանին առընթեր Բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ երկարատև նստելը կամ պառկելը հանգեցնում է Ալցհայմերի հիվանդությանն առնչվող հատվածներում ուղեղի ծավալի նվազմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia բժշկագիտական հանդեսում։
Հետազոտությանը մասնակցել է 404 մարդ։ Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները կրում էին հատուկ սարքեր, որոնք հետևում էին նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին։ Գիտնականները ստացված տվյալները համեմատել են յոթ տարվա ընթացքում հավաքված մագնիսառեզոնանսային շերտագրությանև ճանաչողական թեստերի արդյունքների հետ։
Պարզվել է, որ նույնիսկ կանոնավոր մարզումների դեպքում երկարատև նստելը բացասաբար է անդրադառնում ուղեղի վրա։ Այդ փոփոխությունները հատկապես ցայտուն էին այն մարդկանց շրջանում, ովքեր ունեն Ալցհայմերի հիվանդության զարգացման գենետիկ ռիսկ՝ APOE-e4 ալելի կրողներ։
«Օրական մեկ մարզումը լավ է, բայց բավարար չէ։ Կարևոր է կրճատել նստակյաց վիճակում անցկացրած ընդհանուր ժամանակը, հատկապես, երբ մարդը ռիսկի խմբում է»,- մեկնաբանելով հետազոտության արդյունքները, պատմում է Փիթսբուրգի համալսարանի նյարդաբանության դոցենտ Մարիսա Գոգնիատը։






