Չամիչը, ձավարեղենը, խնձորն ու հատապտուղները կօգնեն հաղթահարել քաղցրի հանդեպ հակումը: Այս մասին Vanity Fair պարբերականի հարցազրույցում ասել է իսպանացի սննդաբան Քրիստինա Բարանտեսը։

Մասնագետը բացատրել է, որ շաքարով հարուստ մթերքներ ուտելու ցանկությունը կենսաքիմիական գործընթաց է։ Շաքար օգտագործելու ժամանակ ուղեղում տեղի է ունենում դոֆամինի, սերոտոնինի եւ էնդորֆինների արտազատում՝ հորմոններ, որոնք հաճույքի եւ հանգստության զգացում են առաջացնում:

Շաքարի փոքր քանակությունը կարող է լինել հավասարակշռված դիետայի մի մասը, սակայն չափից շատ շաքարը կարող է հանգեցնել քաշի ավելացման, էներգիայի կորստի դիաբետի ու սրտի հիվանդությունների ռիսկի բարձրացման: Նաեւ շոկոլադի եւ քաղցր ըմպելիքների օգտագործումից հետո արյան մեջ գլյուկոզի ավելացումը արատավոր շրջան է ստեղծում՝ կարճատեւ էմոցիոնալ խթանումից հետո առաջանում է դյուրագրգռություն եւ հոգնածություն:

Բարանտեսի խոսքով՝ բջջանյութով, սպիտակուցներով եւ առողջ ճարպերով հարուստ մթերքները, ինչպիսին են քինոան, հնդկաձավարը, կորեկը, խնձորը, հատապտուղները եւ ընկույզը, կարող են օգնել խուսափել այդ ազդեցությունից: Հրուշակեղենը կարելի է փոխարինել նաեւ այլընտրանքներով՝ բնական օշարակներով կամ չամիչով, որոնք գլյուկոզայի կտրուկ թռիչքներ չեն առաջացնում։

Սննդաբանն ավելացրել է, որ քաղցրավենիքի հանդեպ հակումը վերահսկելու համար հարկավոր է պահպանել աղիների առողջ ֆլորան ֆերմենտացված մթերքներով եւ նվազեցնել սթրեսի մակարդակը: Ֆիզիկական վարժությունները, յոգան եւ մեդիտացիան կօգնեն դրան:

Բժիշկը նաեւ նշել է, որ պետք չէ ամբողջությամբ հրաժարվել քաղցրից։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրական օգտագործել ոչ ավելի, քան հինգ գրամ մաքուր շաքար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները նշել են, որ շաքարավազը պետք է կազմի օրական ընդունվող կալորիաների 5 տոկոսը։