Վերջերս կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երկաթ պակասորդային սակավարյունությունը (Iron-deficiency anemia) ինքնուրույն և զգալիորեն մեծացնում է իշեմիկ կաթվածի ռիսկը երիտասարդների շրջանում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են eJHaem բժշկագիտական  հանդեսում։

IDA-ն աշխարհում անեմիայի ամենատարածված ձևն է։ Այն առաջանում է երկաթի անբավարարության հետևանքով, երբ արյան կարմիր բջիջների արտադրությունը ապահովելու համար բավարար երկաթ չկա։

IDA-ն անհամաչափորեն ավելի շատ է ազդում կանանց վրա՝ դաշտանի ընթացքում երկաթի կանոնավոր կորստի և հղիության ընթացքում երկաթի պահանջարկի աճի պատճառով։ Մայրական անեմիան կարող է հանգեցնել երեխայի մոտ մտավոր հետամնացության, աուտիզմի սպեկտրի խանգարումների և ուշադրության դեֆիցիտի/հիպերակտիվության խանգարման զարգացմանը։

Բացի դրանից, այժմ գնահատվում է, որ բոլոր կաթվածների 10-15%-ը տեղի է ունենում 18-50 տարեկան մարդկանց շրջանում, այս խումբը նույնպես բնութագրվում է IDA-ի տարածվածության աճով։

Նոր հետազոտության մեջ հետազոտողները բուժառուներին բաժանել են երկու խմբի՝ նրանք, ում մոտ վերջերս ախտորոշվել էր իշեմիկ կաթված, դասվել են A խմբին, իսկ նրանք, ովքեր իշեմիկ կաթվածի պատմություն չունեին, դասվել են B խմբին։

Հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի ավելի քան 300 հիվանդանոցների բժշկական գրառումների հավաքածու՝ ի մի բերելով տեղեկություններ իշեմիկ կաթվածից տառապող և դրանից զերծ 15- 50 տարեկան բուժառուների մասին։

Հետազոտությունից բացառվել են թրոմբոցիտոզի, չարորակ ուռուցքի, նախասրտերի ֆիբրիլյացիայի, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի, կաթվածի պատմության, հղիության, հեմոգլոբինոպաթիաների, դրանց թվում՝ մանգաղաձև բջջային անեմիայի, համակցված բանավոր հակաբեղմնավորիչների օգտագործման, թրոմբոֆիլիայի, ճարպակալման և կաթվածի սկսվելուց մեկ տարի առաջ հակակոագուլյանտների օգտագործման ախտորոշումներով բուժառուները։

Սկզբնապես հայտնաբերվել է 21 միլիոն 802 հազար 239 բուժառու։ 36 հազար 989-ը դասակարգվել են A խմբում, իսկ 21 միլիոն 765 հազար 250-ը՝ B խմբում։

A խմբում 1880 մարդու (5,1%) մոտ նախկինում ախտորոշվել էր երկաթ պակասորդային սակավարյունություն։ B խմբում 241 հազար 110 մասնակիցների շրջանում առաջին անգամ ախտորոշվել է երկաթ պակասորդային սակավարյունություն (1,10%): Հետազոտողները նշել են, որ A խումբը B խմբի համեմատ ուներ հիպերտոնիայի, շաքարախտի, դիսլիպիդեմիայի, ծխելու և ճարպակալման ավելի բարձր ցուցանիշներ: Բազմափոփոխական վերլուծությունից հետո նախկինում երկաթ պակասորդային սակավարյունություն ունեցող բուժառուների շրջանում կաթվածի ռիսկը զգալիորեն ավելի բարձր էր:

Երկաթ պակասորդային սակավարյունություն ն կապված էր կաթվածի ռիսկի 39%-ով բարձրացման հետ՝ անկախ նկարագրված մյուս բոլոր ռիսկի գործոններից։