Շվեյցարիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ սննդի փաթեթավորման և ուլտրամշակված մթերքների մեջ պարունակվող սինթետիկ քիմիական նյութերը կարող են բացասաբար ազդել առողջության վրա՝ հրահրելով քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, նեյրոդեգեներատիվ և վերարտադրողական համակարգի խանգարումներ։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine (NatMed) գիտական ամսագրում։

Սննդի հետ շփվող քիմիական նյութերը (FCC), ինչպիսիք են բիսֆենոլները, ֆտալատները և ՊՖԱՍ-ները (պեր- և պոլիֆտորալկիլային նյութեր), սննդամթերքի մեջ են հայտնվում տարբեր փուլերում՝ տեղափոխումից և վերամշակումից մինչև փաթեթավորում և պատրաստում։ Հատուկ վտանգ է ներկայացնում ուլտրամշակված մթերքների (UPF) սպառման աճը, որոնք ոչ միայն պարունակում են սինթետիկ հավելումներ, այլև ակտիվորեն կլանում են վնասակար միացությունները փաթեթավորումից։

Ըստ հետազոտության առաջատար հեղինակ Ջեյն Մունկեի, ժամանակակից փաթեթավորված և ուլտրամշակված մթերքները, չնայած հարմարավետությանն ու գրավիչ համին, հաճախ դառնում են միկրոպլաստիկի և վտանգավոր քիմիական նյութերի աղբյուր։ Սակայն դրանց ազդեցությունն առողջության վրա մինչ օրս բավարար ուսումնասիրված չէ։

Գիտնականները կոչ են անում վերանայել նորմատիվային բազան, ներառյալ՝ սննդի արդյունաբերության մեջ քիմիական նյութերի օգտագործման նկատմամբ վերահսկողության խստացումը, անվտանգ փաթեթավորման նյութերի մշակումը և UPF-ի սպառման կրճատումը։

Անհրաժեշտ են նաև միկրոպլաստիկի և վնասակար նյութերի՝ մթերքների մեջ ներթափանցման թեստավորման նոր մեթոդներ։