Միացյալ Նահանգների և Հորդանանի գիտնականների միջազգային խումբը կապ է հայտնաբերել արյան խմբի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջև։ Պարզվել է, որ A արյան խումբ ունեցող կանայք 18%-ով ավելի շատ ենթակա այդ հիվանդությունը զարգացնելու վտանգին, քան O արյան խումբ ունեցողները: Հետազոտությունը հրապարակվել է Oncotarget բժշկագիտական  հանդեսում:

Գիտնականների թիմը վերլուծել է նախորդ 29 հետազոտությունների տվյալները, որոնք ընդգրկել են կրծքագեղձի քաղցկեղից տառապող ավելի քան 13 հազար բուժառուների և աշխարհի տարբեր շրջաններից 717 հազար առողջ կանանց։

Արդյունքները ցույց են տվել, որ արյան A խումբը զգալիորեն ավելի տարածված էր կրծքագեղձի քաղցկեղից տառապող բուժառուների, քան վերահսկիչ խմբի շրջանում։ Ընդ որում, արյան B, AB խմբերը և Rh գործոնը հիվանդության հետ վիճակագրորեն նշանակալի կապ չեն ցուցաբերել։

Թեև հետազոտությունն անմիջական պատճառահետևանքային կապը չի ապացուցում, այդուհանդերձ մատնանշում է հնարավոր կենսաբանական օրինաչափությունը։ Արյան խմբի ոչ միայն կարմիր արյան բջիջներում, այլև կրծքագեղձի հյուսվածքում առկա հակածիններն ընդունակ են ազդել իմունային պատասխանի, քաղցկեղի տարածման արագության և որոշակի տեսակի քաղցկեղային հիվանդությունների նկատմամբ զգայունության վրա։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արյան A խումբը ՝ գենետիկ նախատրամադրվածության և կենսակերպի հետ մեկտեղ կարող է լրացուցիչ ռիսկի գործոն դիտարկվել։ Այդ հայտնագործությունը կարող է փոխել սկրինինգի հանդեպ մոտեցումը՝ այն առավել անհատականացված դարձնելով։