Միայնակ մարդկանց մոտ զգալիորեն բարձր է լսողության կորստի հավանականությունը։ Միայնությունը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այն կարող է նաև վտանգի տակ դնել ֆիզիկական առողջությունը։
Հոնկոնգի չինական համալսարանի փորձագետների մասնակցությամբ նոր հետազոտությունն ուսումնասիրել է, թե արդյոք միայնությունն անկախ ռիսկի գործոն է լսողության կորստի համար։ Արդյունքները հրապարակվել են Health Data Science ամսագրում։
Վերլուծության համար խումբն օգտագործել է բրիտանական բիոբանկի 490 865 մասնակիցների տվյալները 12,3 տարվա միջնարժեքային ժամանակահատվածի համար, հաղորդում է Planet Today-ը։ Միայնության մակարդակը գնահատվել է ինքնահաշվետվությունների հիման վրա, իսկ լսողության կորստի նոր դեպքերը հետազոտողները բացահայտել են էլեկտրոնային բժշկական քարտերի միջոցով։
Բացի այդ, հաշվի են առնվել տարբեր հավանական ազդող գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը և քրոնիկ հիվանդությունները։
Փորձագետները հայտնում են, որ այն մասնակիցների մոտ, որոնք իրենց միայնակ են զգացել, ժամանակի ընթացքում լսողության կորստի զարգացման հավանականությունը 24 տոկոսով ավելի բարձր է եղել՝ համեմատած այն մասնակիցների հետ, որոնք միայնություն չեն զգացել, և դա անկախ ռիսկի այլ հայտնի գործոններից։
«Մենք պարզել ենք, որ միայնությունը կապված է լսողության կորստի բարձր վտանգի հետ՝ անկախ ռիսկի այլ հայտնի գործոններից։ Սա վկայում է պոտենցիալ վտանգավոր հետադարձ կապի մասին, որտեղ միայնությունն ու լսողության կորուստը փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց», - պարզաբանում է հետազոտության հեղինակ Յունլուն Սոնը։
Հետաքրքիր է, որ թեև գենետիկ նախատրամադրվածությունն իր դերն է խաղացել ընդհանուր ռիսկի հարցում, սակայն այն չի ազդել միայնության և լսողության կորստի միջև կապի վրա։ Գիտնականների խմբի կարծիքով, սա վկայում է այն մասին, որ միայնությունն ազդում է այլ, անկախ կենսաբանական ուղիներով։
Հետազոտողները ենթադրում են, որ այս կապի հիմքում ընկած են մի քանի մեխանիզմներ, ինչպիսիք են միայնությունից առաջացած քրոնիկ բորբոքումը, բարձր զարկերակային ճնշումը, սթրեսի նկատմամբ ռեակցիաները կամ առողջության համար վնասակար երկարաժամկետ վարքագիծը։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տալիս, որ սոցիալական հարաբերությունները և հուզական կապը ոչ միայն օգտակար են մեր հոգուն, այլև կարող են պաշտպանել մեր լսողությունը։ Յուրաքանչյուր ոք, ով իրեն միայնակ է զգում, պետք է լրջորեն վերաբերվի դրան և չվախենա ակտիվորեն օգնություն փնտրել կամ շփման նոր ուղիներ ուսումնասիրել։
Միևնույն ժամանակ, արդյունքները ցույց են տալիս, թե որքան կարևոր է համալիր կանխարգելումը։ Հետևաբար, հոգեբանական բարեկեցությունն ավելի սերտորեն պետք է ինտեգրվի բժշկական կանխարգելմանը, այդ թվում՝ կանխելու համար ֆիզիկական խնդիրները, ինչպիսին է լսողության կորուստը։






