Նոր լաբորատոր մեթոդ կիրառելով՝ ՄաքԳիլի համալսարանի հետազոտողները արյան մեջ հայտնաբերել են ինը մոլեկուլ, որոնց մակարդակը բարձր է եղել «դեպրեսիա» ախտորոշմամբ դեռահասների մոտ։ Այս մոլեկուլները նաև կանխատեսում էին, թե ինչպես կարող են ախտանշանները զարգանալ ժամանակի ընթացքում։ Կլինիկական հետազոտության արդյունքները կարող են ուղի հարթել հիվանդության ավելի վաղ հայտնաբերման համար, նախքան ախտանշանների վատթարանալը և դժվար բուժելի դառնալը։ Աշխատանքը հրապարակվել է Biological Psychiatry Global Open Science ամսագրում։

Հատկանշական է, որ ինը մոլեկուլները, որոնք հայտնի են որպես միկրոՌՆԹ, կապված չեն եղել մեծահասակների դեպրեսիայի հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք արտացոլում են կենսաբանական գործընթացներ, որոնք բնորոշ են միայն դեռահասներին։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Սթենֆորդի համալսարանի գործընկերների  համատեղ իրականացված հետազոտությանը մասնակցել է 62 դեռահաս. 34-ը՝ դեպրեսիայով, 28-ը՝ առանց դրա։

Հետազոտողները հավաքել են արյան նմուշների փոքր քանակություններ, թողել են, որ դրանք չորանան, ապա սառեցրել են՝ ժամանակի ընթացքում մոլեկուլային ամբողջականությունը պահպանելու համար։ Նման նմուշները վերցվում են մատի պարզ ծակոցով, դրանք հեշտ է պահել և տեղափոխել, ինչը այս մոտեցումը դարձնում է գործնական և ընդարձակելի՝ ավելի լայն կիրառման համար։

Գիտնականների թիմը մշակել է լաբորատոր մեթոդ, որն օգտագործվում է նմուշներից միկրոՌՆԹ-ի առանձնացման և վերլուծության համար։

Դեպրեսիայի ախտորոշումը ընդհանուր առմամբ հիմնված է հենց պացիենտների հայտնած ախտանշանների վրա։

Ըստ հետազոտության հեղինակների՝ սա կարող է ուշացնել բժշկական օգնության ցուցաբերումը, հատկապես, եթե դեռահասները չեն ճանաչում ախտսնշանները կամ պատրաստ չեն խոսել դրանց մասին։ Արյան անալիզի վրա հիմնված սկրինինգային գործիքը կարող է տրամադրել լրացուցիչ և ավելի օբյեկտիվ ցուցիչ՝ ռիսկի խմբում գտնվող դեռահասներին հայտնաբերելու համար։