Երկար տարիներ տրանզիտոր իշեմիկ գրոհները (ՏԻԳ), որոնք սովորաբար անվանում են «մինի-ինսուլտներ», համարվում էին կարճատև, հետևանքներ չունեցող փուլեր։ Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ՏԻԳ-ի հետևանքները կարող են պահպանվել ավելի երկար, քան նախկինում ենթադրվում էր՝ դրսևորվելով մշտական հոգնածության տեսքով։ Այս մասին գրում է American Academy of Neurology ամսագիրը։
Ամսագրում հրապարակված վերջին հետազոտությունը լույս է սփռում այս երևույթի վրա։ Դանիայի Օլբորգի համալսարանական հիվանդանոցից բժիշկ Բորիս Մոդրաուի և նրա թիմի անցկացրած հետազոտությանը մասնակցել է ՏԻԳ տարած, միջինը 70 տարեկան 354 մարդ։
Մասնակիցները հոգնածության գնահատման հարցաթերթիկներ են լրացրել ՏԻԳ-ից հետո երկու շաբաթվա ընթացքում, ինչպես նաև դրանից երեք, վեց և տասներկու ամիս անց, գրում է «Ֆոկուս»-ը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 61%-ը զգալի հոգնածության մասին է հայտնել դեպքից անմիջապես հետո, իսկ մոտավորապես 54%-ը շարունակել է հոգնածություն զգալ տարվա ընթացքում յուրաքանչյուր հաջորդ հսկիչ կետում։
Ընդ որում, հետազոտությունը ուղեղի պատկերման մեջ էական տարբերություններ չի հայտնաբերել նրանց միջև, ովքեր երկարատև հոգնածություն են զգացել, և նրանց, ովքեր չեն զգացել, ինչը վկայում է այն մասին, որ հոգնածությունն ուղղակիորեն կապված չի եղել ուղեղի տեսանելի վնասվածքների հետ։ Սակայն այն մասնակիցների շրջանում, որոնք հայտնել են շարունակական հոգնածության մասին, երկու անգամ ավելի հաճախ են հանդիպել տագնապի կամ դեպրեսիայի դեպքեր, ինչը մատնանշում է այս ախտանշանի պահպանման հնարավոր հոգեբանական բաղադրիչը։
Այս արդյունքները հերքում են ՏԻԳ-ի՝ որպես առանց երկարաժամկետ հետևանքների անցողիկ բարդությունների մասին գիտնականների ավանդական պատկերացումը։ Դրանք ընդգծում են պացիենտների նկատմամբ դիտարկման կարևորությունը՝ նրանց մոտ հոգնածության պես երկարատև ախտանշանների առկայությունը պարզելու համար, որոնք կարող են էականորեն ազդել կյանքի որակի վրա։
Բժիշկ Մոդրաուն պնդել է, որ բուժաշխատողները պետք է ժամանակին հայտնաբերեն և անդրադառնան այս ախտանշաններին, քանի որ վաղ միջամտությունը կարող է մեղմացնել երկարատև հոգնածության տևողությունը և օգնել խուսափել դրա այլ հետևանքներից։
Գիտնականները բժշկական ոլորտի մասնագետներին հորդորում են վերանայել ՏԻԳ-ից հետո բուժման ուղեցույցները, որպեսզի դրանցում ներառվեն հոգնածության գնահատումը և հոգեկան առողջության աջակցությունը։ Ընդունելով երկարաժամկետ հետևանքների հնարավորությունը՝ բուժաշխատողները կկարողանան ավելի լավ աջակցել պացիենտներին ապաքինման ճանապարհին, կարծում են հեղինակները։