Շուրթերի շուրջ հերպեսային ցան առաջացնող վիրուսի՝ հասարակ հերպեսի 1-ին տիպի վիրուսի (ՀՀՎ-1) սիմպտոմատիկ վարակը կարող է առանցքային դեր խաղալ Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ, ենթադրում է BMJ Open ամսագրում հրապարակված խոշոր ամերիկյան հետազոտությունը։ Սակայն հակավիրուսային թերապիայով բուժումը, ըստ երևույթին, կապված է այս տեսակի դեմենցիայի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀՎ-1-ի ախտանշանների ճնշմանն ուղղված բուժումը կարող է պաշտպանիչ լինել։
Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ ՀՀՎ-1 վիրուսի քննարկվող դերի և հակահերպեսային դեղամիջոցների պոտենցիալ պաշտպանիչ ազդեցության վրա լույս սփռելու համար գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ում 2006-2021 թթ. ընթացքում վարչական պահանջների (IQVIA PharMetrics Plus) տվյալների մեծ բազա։
«Ալցհեյմերի հիվանդություն» ախտորոշմամբ մարդիկ, ըստ տարիքի, սեռի, աշխարհագրական տարածաշրջանի, տվյալների բազայում գրանցվելու տարվա և բժշկական հաստատություններ այցելությունների քանակի, համադրվել են նրանց հետ, ովքեր անամնեզում նյարդաբանական հիվանդություններ չեն ունեցել, ինչի արդյունքում ստացվել է ընդհանուր առմամբ 344 628 «դեպք-հսկողություն» զույգ։
Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտների գրեթե երկու երրորդը (65%) կանայք էին։ Նրանց միջին տարիքը կազմել է 73, և նրանք, որպես կանոն, ունեցել են ավելի շատ ուղեկցող հիվանդություններ՝ բոլորը ռիսկի գործոններ։
Ընդհանուր առմամբ, Ալցհեյմերի հիվանդությամբ 1507 մարդու (0,5%-ից մի փոքր պակաս) մոտ ախտորոշվել է ՀՀՎ-1 (0,44%)՝ համեմատության (հսկիչ) խմբի 823 անձանց (0,25%-ից մի փոքր պակաս) հետ համեմատած։
Ներկայումս ամբողջ աշխարհում մոտ 35,6 միլիոն մարդ տառապում է դեմենցիայով, և ըստ հետազոտողների, ամեն տարի ախտորոշվում է 7,7 միլիոն նոր դեպք։ Ալցհեյմերի հիվանդությունը կազմում է դեմենցիայի բոլոր դեպքերի 60-80%-ը, իսկ դրա բուժման ընդհանուր ծախսերը 2020 թվականին հասել են 305 միլիարդ ԱՄՆ դոլարի, հավելում են նրանք։ Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը մասնակցում են տարբեր վարակիչ գործոններ, և դրանցից ամենաուսումնասիրվածը ՀՀՎ-1-ն է, որը միայն 2016 թվականին ամբողջ աշխարհում ախտահարել է մինչև 50 տարեկան մարդկանց ավելի քան երկու երրորդին։