Մաքս Դելբրյուկի կենտրոնի գիտական ղեկավար Մայկե Սանդերի գլխավորած գիտնականների թիմը ենթաստամոքսային գեղձի հորմոններ արտազատող բջիջների անոթային օրգանոիդ մոդել է մշակել:
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Developmental Cell ամսագրում, խոստանում են բարելավել հետազոտությունները դիաբետի եւ բջջային թերապիայի ոլորտներում։
Գիտնականներն առաջին անգամ մշակել են ենթաստամոքսային գեղձի կղզյակների օրգանոիդ մոդելը, որը ստացվել է մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից (SC-կղզյակներ)՝ ինտեգրված անոթային համակարգով: Կղզյակները ենթաստամոքսային գեղձի բջիջների կլաստերներ են, որոնք պարունակում են մի քանի տարբեր տեսակի հորմոններ արտազատող բջիջներ, ներառյալ ինսուլին արտադրող բետա-բջիջները: Հետազոտողները պարզել են, որ արյունատար անոթներով կղզյակների օրգանոիդները պարունակում են ավելի հասուն բետա-բջիջներ եւ ավելի շատ ինսուլին են արտազատում, քան իրենց ոչ անոթային գործընկերները: Անոթային օրգանոիդներն ավելի սերտորեն նմանակել են օրգանիզմում հայտնաբերված կղզյակների բջիջներին:
Երբ հետազոտողները համեմատել են անոթային եւ ոչ անոթային օրգանոիդները, պարզել են, որ առաջիններն ավելի շատ ինսուլին են արտազատում, երբ ենթարկվում են գլյուկոզայի բարձր մակարդակի ազդեցությանը:
Այնուհետեւ գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե ինչպես է անոթային ցանցն օգնում օրգանոիդների հասունացմանը: Նրանք հայտնաբերել են երկու հիմնական մեխանիզմ՝ էնդոթելային բջիջները եւ ֆիբրոբլաստները օգնում են ստեղծել արտաբջջային մատրիցը՝ բջիջների մակերեսին սպիտակուցների եւ ածխաջրերի ցանցը: Մատրիցի ձեւավորումն ինքնին ազդանշան է բջիջների հասունացման համար: Երկրորդ, էնդոթելային բջիջները արտազատում են ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուց (BMP), որն իր հերթին խթանում է բետա-բջիջների հասունացումը: Հասկանալով, որ մեխանիկական խթանումը նաեւ խթանում է ինսուլինի սեկրեցիան, թիմը օրգանոիդները ինտեգրել է միկրոհեղուկ սարքերի մեջ, որոնք թույլ են տվել սննդանյութերի փոխանցումը ուղղակիորեն իրենց անոթների միջոցով: Նրանք պարզել են, որ հասուն բետա-բջիջների մասնաբաժինն էլ ավելի է աճել:
Այժմ գիտնականները նախատեսում են օգտագործել SC կղզյակների անոթային օրգանոիդ մոդելներ՝ ուսումնասիրելու համար 1-ին տեսակի դիաբետը, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների վրա իմունային բջիջների հարձակման եւ ոչնչացման պատճառով, ի տարբերություն 2-րդ տեսակի դիաբետի, որի դեպքում ենթաստամոքսային գեղձը ժամանակի ընթացքում արտադրում է ավելի քիչ ինսուլին, եւ մարմնի բջիջները դառնում են դիմացկուն ինսուլինի ազդեցության նկատմամբ:
Նրանք աճեցնում են վասկուլացված օրգանոիդներ 1-ին տեսակի դիաբետ ունեցող պացիենտների բջիջներից։






