Գիտնականների միջազգային թիմը կապ է հայտնաբերել աղիների միկրոբիոմի բաղադրության եւ ոսկորների առողջության միջեւ: Աշխատանքը հրապարակվել է npj Metabolic Health and Disease ամսագրում։

Օսթեոպորոզը տարածված հիվանդություն է տարեցների շրջանում, որը ներառում է ոսկրերի խտության կորուստը եւ կոտրվածքների ռիսկի բարձրացումը: Մինչ այժմ հիմնական գործոնները համարվում էին տարիքը, հորմոնալ փոփոխությունները եւ սնուցումը։ Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղիների միկրոբիոմի բաղադրության տարբերությունները եւս կարող են տարիքի հետ ոսկրային խտության նվազման գործում առանցքային դեր խաղալ:

Հետազոտության մասնակիցները բաժանվել են ըստ աղիքային միկրոֆլորայի տեսակի. ոմանք ունեցել են հիմնականում Bacteroides (ETB) սեռի բակտերիաներ, իսկ մյուսների մոտ գերակշռող է եղել Prevotella-ն (ETP): Պարզվել է, որ ETB կրողներն ունեցել են տարիքի հետ կապված՝ ոսկրային խտության զգալիորեն ավելի արագ անկում, քան ETP կրողները, եւ դա նկատվել է երկու սեռերի մոտ:

Հետազոտության հեղինակները նշել են, որ բակտերիաների նյութափոխանակության որոշ ուղիներ, մասնավորապես նրանք, որոնք ներգրավված են L-արգինինի եւ բուտիրատի սինթեզում, կապված են ոսկրային հանքանյութերի բարձր խտության հետ: L-արգինինը ամինաթթու է, որը նպաստում է ազոտի օքսիդի (NO) ձեւավորմանը, որը դանդաղեցնում է ոսկրային հյուսվածքի քայքայումը: Բուտիրատը կարճաշղթա ճարպաթթու է, որը նվազեցնում է քրոնիկական բորբոքումները եւ կարգավորում է իմունային պատասխանը՝ դրանով իսկ պահպանելով ոսկորների քայքայման եւ ձեւավորման միջեւ հավասարակշռությունը:

Հատուկ դեր են խաղում Firmicutes տեսակի Lachnospiraceae ընտանիքի բակտերիաները, որոնք ունակ են պահպանել ոսկրային զանգվածը՝ կարգավորելով նյութափոխանակությունը եւ օրգանիզմի բորբոքային վիճակը։

Չնայած մանրէների ընդհանուր բազմազանությունն էականորեն չի տարբերվում օսթեոպորոզ եւ նորմալ ոսկրային խտություն ունեցող մասնակիցների միջեւ, կոնկրետ բակտերիաների տեսակները ցույց են տվել ուժեղ կապ ոսկրերի ավելի բարձր խտության հետ: Սա հնարավորություններ է բացում պրոբիոտիկների եւ դիետաների զարգացման համար, որոնք ուղղված են օգտակար միկրոֆլորայի աճին, հատկապես բուտիրատ եւ L-արգինին արտադրողների: