Սրտի հիվանդությունները, կաթվածները և շաքարախտը հանգեցնում են դեմենցիայի բազմաթիվ դեպքերի առաջացմանը Միացյալ Նահանգներում, սակայն վտանգն ամենուրեք նույնը չէ, ասված է նոր հետազոտության մեջ։ Հետազոտողները պարզել են, որ ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում դեմենցիայի դեպքերի ավելի քան մեկ երրորդը (37%) կապված էին ութ հիվանդությունների հետ՝ շաքարային դիաբետ, սրտի անբավարարություն, նախասրտերի ֆիբրիլյացիա, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի կաթված, ուղեղի կաթված, բարձր արյան ճնշում և խոլեստերինի մակարդակի բարձրացում։

Հետազոտողները վերջերս Alzheimer's & Dementia բժշկագիտական  հանդեսում հայտնել են, որ Հարավն ունի այս հիվանդությունների և դեմենցիայի միջև ամենաուժեղ կապը։ «Դեմենցիայի զգալի թվով դեպքեր կարելի է վերացնել՝ մեղմացնելով փոփոխելի կարդիոմետաբոլիկ ռիսկի գործոնները, մասնավորապես Միացյալ Նահանգների այն շրջաններում, որտեղ այդ ռիսկի գործոնների պատճառով դեմենցիայի բարձր վտանգ կա»,-պատմել է ավագ գիտաշխատող, դոկտոր Բրեդ Ռաքեթը։

Հետազոտությունն անցկացնելու համար գիտնականները վերլուծել են Medicare-ի հայցերի տվյալները, որոնք ընդգրկում են 67 տարեկան և բարձր գրեթե 21 միլիոն ամերիկացիների, դրանց թվում՝ դեմենցիայի ավելի քան 756 հազար դեպք։

Արդյունքները ցույց են տվել, որ դեմենցիայի դեպքերն ամենաուժեղ կերպով առնչվում էին ուղեղի կաթվածին՝ 2,2 անգամ ավելի մեծ ռիսկով, որին հաջորդում էին սրտի անբավարարությունը (2,1 անգամ ավելի մեծ վտանգ) և բարձր արյան ճնշումը (78 անգամ ավելի մեծ վտանգ):

Հետազոտողները պարզել են, որ բարձր խոլեստերինի և դեմենցիայի միջև կապը ամենաթույլն էր՝ և վտանգն այդ դեպքերում մեծացել է 27%-ով։

«Իրականում, այս ութ ռիսկի գործոնների 15%-ով համամասնական նվազեցումը բնակչության շրջանում դեմենցիայի դեպքերը կնվազեցնի մոտ 6,3%-ով», -հաշվարկել է Ռաքեթը։

Շրջանային մակարդակի տվյալները վերլուծելուց հետո հետազոտողները պարզել են, որ հարավի բնակիչներն ավելի բարձր ռիսկի են ենթարկվում դեմենցիայի առաջացման, ինչը մասամբ բխում է սրտի խնդիրներից, կաթվածից կամ շաքարախտից։

«Դեմենցիայի տարածվածության տարածաշրջանային տարբերությունները կարող են մասամբ բացատրվել հարավային նահանգների բնակիչների շրջանում ճարպակալման, անբավարար ֆիզիկական ակտիվության և անառողջ սննդակարգի անհամաչափ բարձր տարածվածությամբ»,-ասում է Ռաքեթը։

Համեմատության համար. հետազոտողները հայտնաբերել են, որ այս վիճակները անհամեմատ ավելի քիչ են մեծացնում դեմենցիայի առաջացման վտանգը Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմուտքում, Մեծ հարթավայրերում կամ Ժայռոտ լեռներում, քան Միացյալ Նահանգների մնացած հատվածում: