Բջջային մահվան անվերահսկելի ձևը, որը կոչվում է նեկրոզ, կարող է լինել ոչ միայն հիվանդության ախտանիշ, այլև ծերացման առանցքային մեխանիզմ, որը կարող է օգտագործվել տարիքային հիվանդությունների բուժման և խոր տիեզերական առաքելություններին նախապատրաստվելու մոտեցումներն արմատապես փոխելու համար։ Նման եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջին առընթեր LinkGevity կենսատեխնոլոգիական ընկերության և Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) գիտնականները։ Աշխատանքը հրապարակվել է Oncogene բժշկագիտական  հանդեսում։

Հյուսվածքների նորացման համար անհրաժեշտ «ծրագրավորված» բջջային մահվանից տարբերվող՝ նեկրոզը քաոսային և քայքայիչ գործընթաց է։ Նեկրոզի դեպքում բջիջները բառացիորեն պայթում են՝ արտանետելով թունավոր նյութեր, առաջացնելով բորբոքում և վնասելով շրջակա հյուսվածքները։ ՀետազոտՈւսումնասիրությունը պնդում է, որ նեկրոզը ոչ միայն հետևանք է, այլև օրգանիզմի համակարգային քայքայման հիմնական գործոններից մեկը։

«Նեկրոզը սոսկ բջջի վերջը չէ։ Դա շղթայական ռեակցիայի սկիզբն է, որը հանգեցնում է բորբոքման և խրոնիկական հիվանդությունների», -պարզանաբել է CEO LinkGevity-ի գործադիր տնօրեն և հոդվածի գլխավոր հեղինակ դոկտոր Կարինա Քեռնը։

Կալցիումը կենտրոնական դեր է խաղում նեկրոզի մեջ. երբ հավասարակշռությունը խախտվում է, կալցիումի իոնները թափանցում են բջջի մեջ՝ առաջացնելով դրա «կարճ միացում»։ Ի տարբերություն ապոպտոզի (բջջային կարգավորված մահվան), նեկրոզը բջիջը ոչնչացնում է ներսից և «թունավորում» հարևան բջիջները։ 

«Երբ բջիջները մահանում են, դա միշտ չէ, որ խաղաղ գործընթաց է նրանց շրջապատի մարդկանց համար», -նշել է Լոնդոնի համալսարանական քոլեջի դոկտոր Քիթ Սյուն։

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձնում երիկամների վնասվածքին, որտեղ նեկրոզը կարող է «անտեսանելի մարդասպան» լինել։ Երիկամային անբավարարությունը հաճախ զարգանում է ոչ թե մեկ պատճառով, այլ մի շարք գործոնների համադրության արդյունքում՝ թթվածնի պակաս, բորբոքում, տոքսիններ, որոնք բոլորն էլ նեկրոզ են առաջացնում։ 

«Մենք չենք կարող բոլոր սթրեսորների դեմն առնել, սակայն եթե նեկրոզի փուլում միջամտենք, դա նույնը կլինի՝ ինչ փորձես կանգնեցնել ամբողջ գործընթացը», - ընդգծել է դոկտոր Սյուն։

Հայտնագործությունը նաև հետևանքներ ունի տիեզերքի ուսումնասիրության ապագայի համար։ Ցածր ձգողականությունը և ճառագայթումը տիեզերագնացների ավելի արագ ծերացման և երիկամների վնասվածքի պատճառ են դառնում։ Նեկրոզը կարող է լինել այս արագացված քայքայման հիմնական պատճառը։

«Եթե մենք կարողանանք վերահսկել նեկրոզը, դա կբացի ճանապարհը ոչ միայն Երկրի վրա երկարակեցության, այլև այլ մոլորակներ անվտանգ ճանապարհորդության համար», -հավելել է ESA-ի կենսաբանական գիտությունների աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Դեմիան Բեյլին։

Գիտնականները վստահ են, որ եթե նեկրոզը դադարեցվի, թեկուզ ժամանակավորապես, ապա քայքայիչ կասկադները գուցե ընդհատվեն, իսկ հյուսվածքները՝ վերականգնվեն։

«Մենք խոսում ենք ոչ միայն ծերացման դանդաղեցման, այլև վերականգնման մեկնարկի մասին։ Դա կարող է հեղափոխություն մտցնել բժշկության և կենսաբանության մեր ըմբռնման մեջ», -եզրափակել է դոկտոր Քեռնը։