Ամերիկացի հետազոտողները գրանցել են D վիտամինի անսպասելի հատկությունը, որը կարող է ազդել օրգանիզմի ծերացման արագության վրա։ Բացահայտման մասին հայտնել են գիտնականները՝ VITAL լայնածավալ նախագծի շրջանակում, որի վերաբերյալ տեղեկությունը հրապարակել է Newsweek-ը։

Հետազոտությանը մասնակցել է գրեթե 26 հազար կամավոր, սակայն թելոմերների վերլուծություն է իրականացվել մոտ հազար մարդու վրա։ Փորձարկվողները 50 տարեկանից բարձր տղամարդիկ և 55 տարեկանից բարձր կանայք էին։ Թելոմերները՝ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք գտնվում են քրոմոսոմների ծայրերում, պաշտպանիչ կառուցվածքների դեր են կատարում։ Դրանք կարճանում են յուրաքանչյուր բջջային բաժանման հետ, և այս գործընթացն առնչվում է օրգանզիմի կենսաբանական ծերացմանը։

Մասնակիցների՝ երկու տարի ընդունած D վիտամինի հավելումները հնարավորություն են ընձեռել ավելի մեծ չափով պահպանելու  թելոմերների երկարությունը, քան պլացեբո ստացածները։ Սակայն, գիտափորձի ընթացքում փորձարկված օմեգա-3 ճարպաթթուները նմանատիպ ազդեցություն չեն ցուցաբերել։ Դա հետազոտողներին հնարավորություն է տվել ենթադրել D վիտամինի դերի մասին բջջային մաշվածությունը դանդաղեցնելու գործում։

Կենսաբանական տարիքն, ի տարբերություն օրացուցային տարիքի, արտացոլում է օրգանիզմի վիճակը և կարող է տարբեր լինել նույն տարիքի մարդկանց շրջանում՝ կախված կենսակերպից, գենետիկայից և այլ գործոններից։ Հետևաբար, թելոմերների երկարության պահպանումը ծերացման դանդաղեցման պոտենցիալ ցուցանիշ է համարվում։

Նախագծին մասնակցած բժիշկ ՋոԱն Մենսոնը շեշտել է, որ VITAL հետազոտությունը D վիտամինի նման ազդեցությունը փաստագրող առաջին լայնածավալ, երկարաժամկետ փորձարկումն էր։ Նա հավելել է, որ թելոմերներին աջակցելուց բացի, վիտամինը միաժամանակ նվազեցնում է բորբոքումն ու տարիքային հիվանդությունների, դրանց թվում՝ քաղցկեղի որոշ ձևերի և աուտոիմունային պաթոլոգիաների առաջացման ռիսկը։

Մոլեկուլային գենետիկ Հայդոնգ Չժուն իր հերթին նշել է որ D վիտամինի մասնակցությունը ծերացման դանդաղեցման գործում հետագա ուսումնասիրություն է պահանջում, սակայն հուսադրող արդյունքներն արդեն տեսանելի են։ Նա վիտամինի ներուժը որպես բջջային մակարդակում տարիքային փոփոխությունները կանխելու տարր է մատնանշել։

Բոստոնի համալսարանի դոկտոր Մայքլ Հոլիկը հավելել է, որ D վիտամինի մակարդակի բարձրացումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացության ընդհանուր վտանգը։ Նման տվյալները ճանապարհը են բացում այս ոլորտում հետագա հետազոտությունների համար, մանավանդ, եթե հաշվի առնենք նախագծի մասշտաբները և մասնակիցների բազմազանությունը։