Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականներն անսպասելի կապ են հայտնաբերել ճարպակալման եւ տագնապալի պահվածքի միջեւ։ Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ճարպային սննդակարգը ոչ միայն ավելացնում է քաշը, այլեւ փոխում է ուղեղի ակտիվությունը եւ աղիների բակտերիաների կազմը: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյի Սննդի ամերիկյան միության (ASN) համաժողովում։

Փորձարկումների ժամանակ բարձր յուղայնությամբ սնունդ ստացող կրծողներն ավելի շատ են անհանգստության նման վարք դրսեւորել, քան վերահսկիչ խումբը:

Գիտնականները փոփոխություններ են արձանագրել հիպոթալամուսում՝ ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է նյութափոխանակությունը կարգավորելու համար, ինչպես նաեւ զգալի տարբերություններ են հայտնաբերվել աղիների միկրոբիոմում:

«Այս արդյունքները նոր պատկերացումներ են տալիս ճարպակալման եւ հոգեկան առողջության փոխհարաբերությունների վերաբերյալ»,- նշել է ծրագրի ղեկավար, դոկտոր Դեզիրե Ուանդերսը:

Թեեւ հետազոտությունն անցկացվել է կենդանիների վրա, հեղինակներն ընդգծել են ստացված տվյալների կարեւորությունը մարդկանց, հատկապես երեխաների եւ դեռահասների մոտ նմանատիպ գործընթացները հասկանալու համար։ Գիտնականները նախատեսում են շարունակել իրենց աշխատանքը՝ ուսումնասիրելով հայտնաբերված փոփոխությունները շրջելու հնարավորությունը քաշի նորմալացման դեպքում։