Ֆիզիկական վարժությունները կարող են մեկ երրորդով կրճատել քաղցկեղով հիվանդների մահվան ռիսկը, կանխել ուռուցքների կրկնությունը եւ նույնիսկ ավելի արդյունավետ են, քան դեղամիջոցները, վկայում է այն կարեւոր ուսումնասիրությունը, որը կարող է փոխել առողջապահական ուղեցույցներն ամբողջ աշխարհում:
Արդյունքները ներկայացվել են Չիկագոյում՝ Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանության ընկերության (Asco) տարեկան հանդիպման ժամանակ, որը քաղցկեղի վերաբերյալ աշխարհի ամենամեծ համաժողովն է, եւ հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում։
Տասնամյակներ շարունակ բժիշկները առողջ ապրելակերպի խորհուրդ են տվել՝ քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու համար: Սակայն մինչ օրս քիչ ապացույցներ են եղել այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է դա ունենալ ախտորոշումից հետո, եւ գործնականում ոչ մի աջակցություն չի եղել վարժությունները պացիենտների առօրյա կյանքում ներառելու ուղղությամբ:
Այժմ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Կանադայի եւ Իսրայելի պացիենտների մասնակցությամբ աշխարհում առաջին անգամ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բուժումից հետո կառուցվածքային վարժությունների ռեժիմը կարող է զգալիորեն նվազեցնել մահվան, հիվանդության կրկնության կամ քաղցկեղի նոր տեսակի զարգացման ռիսկը:
Հետազոտությանը մասնակցել են 2009-2023թթ. հաստ աղիի քաղցկեղով տառապող 889 պացիենտներ: Նրանց մեծ մասը (90 տոկոս) ունեցել է 3-րդ փուլի հիվանդություն: Պացիենտները պատահականորեն ընտրվել են կառուցվածքային վարժությունների ծրագրին մասնակցելու (445) կամ պարզապես առողջ ապրելակերպի մասին գրքույկ ստանալու (444) համար:
Ֆիզիկական վարժություններով զբաղվող խմբի մասնակիցներն ամսական երկու անգամ աշխատել են անձնական մարզչի հետ՝ վերահսկվող մարզչական եւ վերապատրաստման համար, իսկ հետո՝ ամսական մեկ անգամ, ընդհանուր առմամբ երեք տարի շարունակ: Մարզական խումբը ստացել է մարզչական աջակցություն՝ իրենց նպատակներին հասնելու համար:
Նրանց շաբաթական նպատակը 45-60 րոպե տեւողությամբ երեքից չորս զբոսանքն էր, բայց պացիենտները կարող էին ընտրել, թե ինչ ով զբաղվեն:
Ոմանք, օրինակ, զբաղվել են բայդարկաներով լողով կամ դահուկավազքով:
«Այժմ աս արդյունքները մեզ հստակ պատասխան են տալիս. անձնական մարզչի հետ մարզումների ծրագիրը կնվազեցնի քաղցկեղի կրկնության կամ նոր ձեւերի զարգացման ռիսկը, կբարելավի բարեկեցությունը եւ կօգնի ավելի երկար ապրել»,- նշել են գիտնականները։






