Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։ Աշխատանքը հրապարակվել է Nature Aging բժշկագիտական  հանդեսում։

Ի տարբերություն այլ «ծերացման ժամացույցների», IC Clock-ը գնահատում է, այսպես կոչված, ներքին կարողությունը (intrinsic capacity, IC)՝ վեց ֆունկցիաների ամբողջություն, որոնք անհրաժեշտ են ծերության շրջանում ակտիվ կյանքի համար՝ շարժունակություն, ճանաչողական կարողություններ, հոգեկան առողջություն, տեսողություն, լսողություն և սնուցում: Դա ծերացումը հասկանալու մոտեցումն է, որն առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ 2022 թվականին IC-ի նվազումը առանձին բժշկական ախտորոշում է ճանաչվել։

Մշակումը հիմնված է ԴՆԹ մեթիլացման վերլուծության վրա՝ ԴՆԹ մոլեկուլների քիմիական փոփոխությունների, որոնք կարելի է հայտնաբերել արյան կամ թքի մեջ։ IC Clock-ն արդեն փորձարկվել է մի քանի հազար մարդու վրա՝ ֆրանսիական INSPIRE-T հետազոտության և ամերիկյան Framingham Heart Study նախագծի շրջանակում։ Նոր մոդելը մահվան ռիսկը կանխատեսելու հարցում ավելի ճշգրիտ էր, քան նախորդ բոլոր ժամացույցները, և միաժամանակ կապված էր իմունային համակարգի ավելի լավ գործառույթի, բորբոքման ցածր մակարդակի և առողջ ապրելակերպի հետ։

«Տարեց մարդկանց համար կարևոր է պահպանել իրենց գործառույթը, այլ ոչ թե պարզապես պայքարել հիվանդությունների դեմ։ Հուսով ենք, որ IC Clock-ը բժիշկներին կօգնի կենտրոնանալ կյանքի որակի վրա», -շեշտել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բաքի ծերացման ինստիտուտի պրոֆեսոր Դեյվիդ Ֆուրմանը։

Գործիքն արդեն կօգտագործվի 101 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով XPRIZE Healthspan միջազգային հեղինակավոր մրցույթում։ Նպատակն է գտնել միջոց, որը հնարավորություն կընձեռի 10-20 տարի ժամկետով 50-80 տարեկան մարդկանց շրջանում ընդամենը մեկ տարվա ընթացքում վերականգնել մկանների, ճանաչողական և իմունային գործառույթները: Այդ մրցույթում IC Clock թիմը կետոնային հավելումներ, մարզումներ, սնուցում և ճանաչողական խթանում ներառող համակցված միջամտություն կառաջարկի։ Եվ IC Clock-ը կօգտագործվի արդյունքները հետևելու համար։

Ապագայում «ներքին կենսունակության ժամացույցը» ծերացումը գնահատելու համար մասշտաբային, մատչելի և համապարփակ գործիք կարող է դառնալ։ Հետազոտողները նույնիսկ արյան կաթիլների վրա հիմնված տարբերակ են մշակում, որը կարող է հնարավորություն ընբձեռել այդ  եղանակը սահմանափակ ռեսուրսներով երկրներում կիրառել։