Ավանդաբար ասթմայի դեպքում օգտագործվող թեոֆիլին դեղամիջոցը մեղմացնում է ջզաձգային շարժումներ առաջացնող հազվագյուտ նյարդաբանական խանգարման ախտանիշները: Նման եզրակացությանն են հանգել Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Movement Disorders (MD) բժշկագիտական  հանդեսում։

Խոսքը ADCY5 գենի մուտացիային առնչվող դիսկինեզիայի մասին է։ Այդ գենետիկ խանգարումն ի հայտ է գալիս մանուկ հասակում և ուղեկցվում է ջղաձգումներով և անվերահսկելի շարժումներով։ Ներկայում դրա համար որևէ առանձնահատուկ բուժում գոյություն չունի։

Ըստ Լայպցիգի համալսարանի դեղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Անդրեա Սինցի՝ դիսկինեզիայի վրա կոֆեինի կարճաժամկետ դրական ազդեցության մասին նախկինում էլ է հաղորդվել։ Այդ պատճառով հետազոտողները որոշել են ուսումնասիրել թեոֆիլինը, որը նմանատիպ քիմիական կառուցվածքով, բայց ավելի կայուն ազդեցությամբ դեղամիջոց է և հաստատված է երեխաների օգտագործման համար։ Այն փորձարկվել է դիսկինեզիայից տառապող երիտասարդ բուժառուի վրա։

Փորձարարական բուժումը տպավորիչ արդյունքների է հանգեցրել. երեխայի մկանային սպազմերը զգալիորեն նվազել են, նա կարողացավ տեղաշարժվել առանց անվասայլակի, և սկսեց ավելի հստակ քայլել և խոսել:

Ավելի մեծ նմուշի վրա թերապիայի արդյունավետությունը ստուգելու համար հետազոտական ​​​​խումբը տվյալներ է հավաքել յոթ երկրներից եկած 2-41 տարեկան 12 դիսկինեզիա ունեցող բուժառուներից։ Բոլոր մասնակիցները թեոֆիլինի բուժմանն առնչվող իրենց փորձի մասին հարցաթերթիկներ են լրացրել։

Ըստ գիտնականների՝ արդյունքները ևս խրախուսական էին. 12 բուժառուներից 11-ը նկատելի բարելավում են նշել՝ անվերահսկելի շարժումների ավելի քիչ դրվագներ, քայլվածքի, քնի որակի և ընդհանուր բարեկեցության բարելավում: Կողմնակի ազդեցությունները, մասնավորապես՝ գլխացավը կամ անհանգստությունը, հազվադեպ են նշվել:

Սակայն գիտնականներն ընդգծել են, որ թեոֆիլինը չի վերացնում հիվանդության պատճառը։

«ADCY5 դիսկինեզիան առաջանում է օրգանիզմում ազդանշանային գործընթացները խաթարող գենետիկական արատից։ Լիարժեք բուժումը հնարավոր է միայն գենային թերապիայի կիրառմամբ», -պարզաբանել է Սինցը։