Սեպսիսն այն վիճակն է, երբ իմունային համակարգն այնքան է ուժեղացնում իր բորբոքային արձագանքն ինֆեկցիայի նկատմամբ, որ կենսական կարևոր օրգանները սկսում են շարքից դուրս գալ։ Սա կյանքի համար վտանգավոր է. միայն ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 750 000 հիվանդ հոսպիտալացվում է սեպսիսով, որոնցից մոտ 27%-ը մահանում է։

Դեպքերի մոտ 15%-ում սեպսիսը վերաճում է սեպտիկ շոկի, որը բնութագրվում է արյան վտանգավոր ցածր ճնշմամբ և հյուսվածքներ արյան հոսքի նվազմամբ։ Սեպտիկ շոկից մահանալու ռիսկն էլ ավելի բարձր է՝ 30%-ից 40%։ Որքան շուտ սկսվի սեպսիսով հիվանդների բուժումը, այնքան լավ կլինեն նրանց հեռանկարները։

Խոշոր կոհորտային հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Frontiers in Immunology ամսագրում, առաջին անգամ ցույց է տվել, որ ստատիններով լրացուցիչ բուժումը կարող է մեծացնել նրանց գոյատևման հնարավորությունները։

«Մեր լայնածավալ կոհորտային հետազոտությունը ցույց է տվել, որ ստատիններով բուժումը կապված է հոսպիտալացումից հետո 28 օրվա ընթացքում սեպսիսով կրիտիկական վիճակում գտնվող հիվանդների մահացության 39% նվազման հետ», - ասել է դոկտոր Կայֆեն Լին՝ հետազոտության թղթակից-հեղինակը և Չինաստանի Տյանցզինի բժշկական համալսարանի ընդհանուր հիվանդանոցի դոցենտը։

Ստատիններն առավել հայտնի են որպես սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու միջոց, որը նվազեցնում է «վատ»՝ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը և բարձրացնում «լավ»՝ բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼ) խոլեստերինի մակարդակը։

Սակայն ապացուցվել է, որ դրանք բազմաթիվ լրացուցիչ օգուտներ են տալիս, ինչը բացատրում է բորբոքային հիվանդությունների, այդ թվում՝ սեպսիսի դեպքում որպես լրացուցիչ թերապիա դրանց օգտագործման նկատմամբ աճող հետաքրքրությունը։

«Ստատիններն ունեն հակաբորբոքային, իմունամոդուլացնող, հակաօքսիդանտ և հակաթրոմբոտիկ հատկություններ։ Դրանք կարող են օգնել մեղմելու չափազանց մեծ բորբոքային արձագանքը, վերականգնելու էնդոթելի գործառույթը և դրսևորելու պոտենցիալ հակամանրէային ակտիվություն», - ասել է Լին։