Շաքարային դիաբետի բուժման և քաշի կարգավորման համար օգտագործվող հայտնի դեղամիջոցը՝ Օզեմպիկը (սեմագլուտիդ), կարող է խաթարել թքագեղձերի գործառույթը և բերանից վատ հոտ արձակել։ Դրա մասին The Conversation-ին տված հարցազրույցում պատմել է Լանկաստերի համալսարանի անատոմիայի պրոֆեսոր Ադամ Թեյլորը։
Սեմագլուտիդն ընդունակ է նվազեցնել թքարտադրությունը, ինչը կարող է հանգեցնել բերանի չորության և ջրազրկման, ասում է դոկտոր Թեյլորը։ Դա իր հերթին պատճառ է դառնում մասնավորապես՝ Streptococcus mutans, Lactobacillus և Porphyromonas gingivalis կոչվող մանրէների բազմացման պայմաններ ստեղծելու համար։ Բերանի խոռոչի միկրոֆլորայի անհավասարակշռությունն, իր հերթին, հանգեցնում է բերանից վատ հոտ արձակման (հալիտոզ)։
Մասնագետը հավելել է, որ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների թվում է նաև փսխումը, որը մեծացնում է ատամի էմալի վնասման նկատմամբ զգայունությունը։
«Ստամոքսաթթուն, որը պարունակում է աղաթթու, քայքայում է էմալը՝ հաճախակի փսխումների պատճառով և մեծացնում է ջրազրկման ռիսկը», - պարզաբանում է պրոֆեսորը։
Օզեմպիկի ընդունմանն առնչվող ռիսկերը նվազեցնելու համար դոկտոր Թեյլորը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում պարբերաբար ջուր խմել։ Անհրաժեշտ է նաև խստորեն հետևել բերանի խոռոչի հիգիենայի կանոններին։






