Գլխին թեթև հարվածը գուցե աննշան բան թվա, մինչդեռ դրա հետևանքները կարող են ավելի լուրջ լինել, քան կարելի է ենթադրել։ Վերջերս բժիշկները հայտնաբերել են մի կարևոր կետ, որը հատկապես կարևոր է բժշկական օգնություն խնդրելիս և կարող է մեզ պաշտպանել վտանգավոր հետևանքներից։ Հայտնագործության մասին գրում է HealthDay բժշկագիտական հանդեսը։
Թեև շատ մարդիկ ուղեղի ցնցումից ապաքինվում են մի քանի շաբաթվա ընթացքում, զգալի թվով մարդիկ ունենում են երկարատև ախտանիշներ, որոնք աննկատելիորեն խաթարում են առօրյա կյանքը։ Այդ մնացորդային ազդեցությունները, որոնք հաճախ աննկատ են, կարող են դրսևորվել դանդաղ արձագանքման, հավասարակշռությանն առնչվող խնդիրների և անկայունության ընդհանուր զգացողության տեսքով:
Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Լորի Քինգի գլխավորած վերջերս անցկացված հետազոտությունը լույս է սփռում վաղ միջամտության կարևորության վրա, հաղորդում է Ֆոկուսը։ Physical Therapy & Rehabilitation Journal բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությանը մասնակցել է ուղեղի ցնցում ստացած ավելի քան 200 մարդ։
Հետազոտությունը պարզել է, որ վնասվածքից հետո մեկ շաբաթվա ընթացքում ֆիզիկական թերապիան սկսողները՝ թերապիան վեց շաբաթով հետաձգածների համեմատ ավելի արագ և մեծ բարելավումներ են գրանցել հավասարակշռության և արձագանքման ժամանակի մեջ։ Քինգը նշել է, որ հիվանդները հաճախ հայտնում են, որ իրենց լավ են զգում, բայց հատուկ թեստեր հանձնելիս հավասարակշռության անհարմարություն են զգում, ինչը վկայում է հիմքում ընկած խնդիրների մասին:
Հետազոտողներն ընդգծել են վնասվածքից մոտավորապես երկու ամիս անց մի կարևորագույն հնարավորության մասին, որի ընթացքում ֆիզիկական թերապիայի սկիզբը կարող է զգալիորեն ազդել վերականգնման արդյունքների վրա։ Այս ժամանակահատվածից ավելի թերապիայի հետաձգումը կարող է ստիպել ուղեղին օգտագործել փոխհատուցող մեխանիզմներ, մասնաորապես՝ տեսողական ազդանշաններին չափազանց կախվածությունը հավասարակշռությունը պահպանելու համար, ինչը վատ տեսանելիության պայմաններում կարող է պակաս արդյունավետ և պոտենցիալ վնասակար լինել։
Հետազոտության մասնակիցներն ավարտել են վեցշաբաթյա վերականգնողական ծրագիր, որը կենտրոնացած էր հավասարակշռության, պարանոցային ողնաշարի վարժությունների և սրտանոթային առողջության վրա։ Նրանք, ովքեր ավելի վաղ են սկսել բուժումը, ավելի քիչ ախտանիշներ են ունեցել և ավելի արագ են վերականգնել հավասարակշռության վերահսկողությունը, քան միջամտությունը հետաձգած նրանց գործընկերները:
Սա վկայում է նրա մասին, որ վաղ ֆիզիկական թերապիան ոչ միայն արագացնում է վերականգնումը, այլև բարելավում է վերականգնողական բուժման որակը՝ լուծելով հավասարակշռության և կոորդինացիայի խնդիրների հիմքում ընկած պատճառները, նշել են հեղինակները։
Հետազոտության կարևոր ասպեկտներից մեկը վեստիբուլյար համակարգի՝ ներքին ականջի մեջ գտնվող հավասարակշռության համար պատասխանատու մեխանիզմի վրա կենտրոնացումն էր: Հետազոտությունը պարզել է, որ վաղ թերապիան ավելի արդյունավետորեն է վերականգնել վեստիբուլյար ֆունկցիան, մինչդեռ ուշացած թերապիան հիվանդներին ավելի կախված է դարձրել տեսողական ազդանշաններից, ինչը հանգեցնում է հավասարակշռության «ավելի անփույթ» վերահսկողության: Հավասարակշռությունը պահպանելու համար տեսողության վրա այս կախվածությունը կարող է խնդրահարույց լինել, հատկապես այն միջավայրերում, որտեղ տեսողական տեղեկատվությունը սահմանափակ է։
Հաշվի առնելով նշված արդյունքները, առողջապահության ոլորտի մասնագետներին խորհուրդ է տրվում անհապաղ ուղեգրել հիվանդներին ֆիզիկական թերապիայի, եթե ուղեղի ցնցման ախտանիշները շարունակվում են վերականգնման սովորական ժամանակահատվածից հետո, նշել են հետազոտողները։
Վաղ միջամտությունը կարող է կանխել անհարմար փոխհատուցողական ռազմավարությունների զարգացումը և նվազագույնի հասցնել հետագա վնասվածքների վտանգը։ Նման մոտեցումն արձագանքում է ուղեղի ցնցումների ոչակնառու, բայց նշանակալի ազդեցությունը միլիոնավոր մարդկանց վրա ճանաչելու և դրան անդրադառնալու կարևորությանը։






