Ջորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները տագնապեցնող կապ են հայտնաբերել դեռահասների քնի որակի եւ նրանց ուղեղի գործունեության միջեւ: Պարզվել է, որ քնի քրոնիկական պակասը նվազեցնում է նեյրոնային կապերի արդյունավետությունը նախաճակատային կեղեւում, որը պատասխանատու է ինքնատիրապետման, որոշումների կայացման եւ հուզական կարգավորման համար: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Brain and Behavior» (B&B) գիտական ​​ամսագրում:

Փորձի ընթացքում ավելի քան 2 800 դեռահասներ երկու շաբաթվա ընթացքում կրել են ֆիթնես-թրեքեր՝ իրենց քունը վերահսկելու համար, որից հետո ենթարկվել են ուղեղի ՄՌՏ սքանավորման: Մասնակիցների ծնողները տեղեկություններ են տրամադրել իրենց երեխաների վարքային բնութագրերի մասին: Արդյունքները ցույց են տվել հստակ կապ. որքան վատ եւ կարճ է քունը, այնքան թույլ են ուղեղի հիմնական հատվածների միջեւ ֆունկցիոնալ կապերը:

Հետազոտողների համար հատկապես տագնապեցնող էին այն տվյալները, որ տղաները, մի փոքր մեծ դեռահասները եւ ռասայական փոքրամասնությունները ավելի հակված են եղել քնի պակասից տառապելուն եւ ավելի շատ վարքային խնդիրներ են ցուցաբերել:

Հետազոտության առաջատար հեղինակ Ասաֆ Օշրիի խոսքով՝ պատանեկությունը ուղեղի զարգացման համար կարեւորագույն շրջան է, երբ քնի պակասը կարող է առաջացնել ձնագնդի էֆեկտ՝ աստիճանաբար հանգեցնելով կոգնիտիվ գործառույթների եւ հուզական կարգավորման վատթարացման։

Գիտնականները կոչ են անում մշակել դեռահասների համար քնի հիգիենայի հատուկ ծրագրեր՝ ապագայում վարքային եւ հոգեկան առողջության հնարավոր խնդիրները կանխելու համար։