Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի գիտնականների միջազգային թիմն առաջընթաց է գրանցել ծերացման հետազոտության մեջ՝ ստեղծելով նոր թեստ, որը գնահատում է մարդու ակտիվ առողջության ժամանակահատվածը։ Healthspan Proteomic Score (HPS) անվամբ եղանակը վերլուծում է արյան մեջ առկա 86 հիմնական սպիտակուցներ և ճշգրիտ կանխատեսում է տարիքային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences բժշկագիտական հանդեսում։
Խումբն ուսումնասիրել է 56 հազար մարդու բժշկական տվյալներնու պարզել, որ ցածր HPS-ը կապված է մահվան ռիսկի բարձրացման մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ սրտի անբավարարության, շաքարախտի, դեմենցիայի և ինսուլտի զարգացման հետ:
«Այս աշխատանքը հիմնարար կերպով փոխում է ծերացման հետազոտության մոտեցումը։ Կյանքի տևողությունը պարզապես չափելու փոխարեն, մենք սովորել ենք գնահատել այն ժամանակահատվածը, որի ընթացքում մարդը քաջառողջ կապրի», -պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Չիա-Լին Կուոն։
Թեստն արդեն հաջողությամբ վավերացվել է անկախ ֆիննական կոհորտայում՝ ցույց տալով ավելի բարձր ճշգրտություն՝ կենսաբանական տարիքը գնահատելու առկա եղանակների համեմատ։ Չնայած տեխնոլոգիան դեռևս հասանելի չէ լայն կլինիկական կիրառման համար, հետազոտողներն ակտիվորեն աշխատում են այն բժշկական պրակտիկայում ներդնելու ուղղությամբ։
Հայտնագործությունը կարևոր քայլ է դեպի ապագայի բժշկությունը, որտեղ արդեն զարգացած հիվանդությունները բուժելու փոխարեն բժիշկները կկարողանան նախապես կանխել դրանց զարգացումը՝ երկարացնելով իրենց բուժառուների առողջ և ակտիվ կյանքի փուլը։






