Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները մկների մոտ հայտնաբերել են նեյրոնների ցանց, որը բառացիորեն «անջատում» է քաղցի զգացողությունն անմիջապես այն բանից հետո, երբ կենդանին հոտոտում է սնունդը։ Սակայն այս մեխանիզմը չի գործում ճարպակալած մկների մոտ։ Աշխատանքը հրապարակվել է Nature Metabolism ամսագրում։

Հետազոտողները ուղեղի միջնապատում հայտնաբերել են նյարդային բջիջների նոր խումբ, որոնք անմիջականորեն կապված են հոտառական սոխուկի՝ հոտերի մշակման առաջին հանգույցի հետ: Հենց որ մուկը որսում է սննդի հոտը, նեյրոններն ակտիվանում են եւ առաջացնում են հագեցածության զգացում: Սակայն սննդի հետ կապ չունեցող համերն ու հոտերը ինքնուրույն չեն առաջացնում այդ ռեակցիան:

«Սա, ամենայն հավանականությամբ, էվոլյուցիոն մեխանիզմ է»,- բացատրել է ուսումնասիրության հեղինակ Յանիս Բուլկը։ «Վայրի բնության մեջ արագ ուտող եւ փախչող մկնիկը ավելի մեծ հնարավորություն ունի փախչելու գիշատչից»։

Սակայն ճարպակալում ունեցող մկների մոտ այս մեխանիզմն անջատված է. սննդի հոտը չի ակտիվացնում նեյրոնները, եւ նրանք շարունակում են ուտել սովորականի պես: Հետազոտողները նշել են, որ ճարպակալումն ինքնին կարող է խաթարել հոտառական համակարգը՝ ներառյալ նեյրոնների նոր խումբը:

Մարդիկ նույնպես ունեն այս նեյրոնները։ Ավելին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ուտելուց առաջ որոշակի հոտեր նվազեցնում են ախորժակը, բայց միայն նիհար մարդկանց մոտ։ Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ հոտերը, ընդհակառակը, ուժեղացնում են քաղցի զգացողությունը։ Նոր հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու։

«Մենք այժմ գիտենք, որ հոտառությունը կարեւոր դեր է խաղում ախորժակի կարգավորման մեջ: Եվ եթե սննդի հոտը որոշ մարդկանց մոտ կուշտ լինելու զգացողություն է առաջացնում, մինչդեռ մյուսների մոտ՝ ոչ, դա նշանակում է, որ չափից շատ ուտելը կանխելու մոտեցումը պետք է անհատականացվի»,- ավելացրել է ուսումնասիրության ղեկավար Սոֆի Ստեկյուլորումը: