Հաստ աղիքի քաղցկեղն ուռուցքների ամենատարածված տեսակներից մեկն է և կազմում է ամբողջ աշխարհում քաղցկեղից մահացությունների մոտ 10%-ը։ Ուռուցքը հատկապես վտանգավոր է, երբ այն մետաստազներ՝ այսինքն՝ երկրորդային ուռուցքներ է առաջացնում այլ օրգաններում։ Այն հիմնականում առաջանում է լյարդում և թոքերում, իսկ ավելի հազվադեպ՝ ուղեղում։

Հաննովերի պաթոլոգիայի ինստիտուտին առընթեր բժշկական դպրոցի (MHH) պաթոլոգոանատոմ (ախտաբանական կազմախոսության մասնագետ), դոկտոր Բյորն Սանդերի գլխավորած հետազոտական ​​​​խումբը հետազոտել է, թե ինչպես են քրոմոսոմների՝ գենետիկական տեղեկության կրողների գենետիկական փոփոխություններն ազդում մետաստազների ձևավորման վրա և ինչ տարբերություններ կան մետաստազների տարբեր տեսակների միջև:

Արդյունքները հրապարակվել են Nature Communications բժշկագիտական  հանդեսում։ Դրանք կարող են օգնել ավելի լավ գնահատել մետաստազի անհատական ​​ռիսկը և նոր թերապևտիկ մոտեցումներ մշակել:

Հաստ աղիքի քաղցկեղը հաճախ զարգանում է աղիքի լորձաթաղանթում առկա բարորակ պոլիպներից։ Եթե ​​այդ նորագոյացությունները ժամանակին չհեռացվեն, դրանք կարող են զարգանալ չարորակ ուռուցքների։ Այդ ուռուցքները հաճախ քրոմոսոմների բարդ գենետիկ փոփոխություններ ունեն։

Որոշ գեներ կորչում կամ կրկնօրինակվում են, ինչն ազդում է ուռուցքային բջիջների վարքագծի վրա։ Քրոմոսոմային փոփոխությունները տարբերվում են ոչ միայն բուժառուների շրջանում, այլև կարող են տարբեր լինել մեկ ուռուցքի ներսում։

Քանի որ մետաստազների առաջացման ճշգրիտ գործընթացները դեռևս վատ են հետազոտված, առանձնապես դժվար է կանխատեսումներ անել կամ թիրախային թերապիաներ մշակել։

«Մենք այժմ մանրամասն ուսումնասիրել ենք հաստ աղիքի քաղցկեղի ավելի քան 3800 դեպք և պարզել, որ ուղեղի մետաստազները լյարդի և թոքերի մետաստազների համեմատ առանձնապես մեծ թվով գենետիկ փոփոխություններ ունեն», -պատմել է դոկտոր Սանդերը։

KRAS գենն այդ գործում կենտրոնական դեր է խաղում։ Այն տեղեկություն է պարունակում ազդանշանային և բջջային աճի կարգավորման գործում կարևոր դեր խաղացող սպիտակուցի մասին։ KRAS գենի մուտացիաները հատկապես տարածված են քաղցկեղի տարբեր տեսակների, մասնավորապես թոքերի, հաստ աղիքի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում և կարող են նպաստել ուռուցքի աճին։

Ուղեղի մետաստազների պարագայում հետազոտողներն այդ գենի մուտացիաների և կրկնօրինակումների առանձնապես տարածված համադրություն են հայտնաբերել։ Ուղեղի գաղութացումը ուռուցքային բջիջների համար առանձնահատուկ մարտահրավերներ է առաջացնում։

Մի կողմից, քաղցկեղի բջիջները պետք է հաղթահարեն այնպիսի խոչընդոտներ, ինչպիսին  արյան անոթների բնական պատնեշը՝ արյուն-ուղեղային պատնեշն է, որը պաշտպանում է ուղեղն արյան մեջ մտնող վնասակար նյութերից։ Երկրորդ, նրանք պետք է հարմարվեն յուրահատուկ հյուսվածքային միջավայրին, որը բնութագրվում է ուռուցքային բջիջների համար թթվածնի հասանելիության նվազումով։

«Ուղեղն ինքնին շատ թթվածին է սպառում։ KRAS գենում հայտնաբերված փոփոխություններով ուռուցքային բջիջներն առավելություն ունեն ուղեղին թթվածնի սահմանափակ մատակարարմանը հարմարվելու հարցում», -պարզաբանել է հետազոտողը։

Մեկ այլ եզրահանգում, որն արվել է հետազոտության ընթացքում,  այն է, որ ուղեղի մետաստազներին առնչվող տարբեր գենետիկական օրինաչափություններն՝ ի տարբերություն լյարդի և թոքերի մետաստազների դեպքում նկատվող նվազ բարդ փոփոխությունների, հակված են ուշ զարգանալու։

Սա հնարավորություն է տալիս ենթադրել, որ ուռուցքային բջիջների գենետիկ զարգացումն ազդում է այն օրգանի վրա, որտեղ ձևավորվում են մետաստազները։