Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդություններից մահացությունների թիվն աճում է, ընդ որում՝ աճն ավելի արագ է տեղի ունենում որոշ խմբերի, այդ թվում՝ կանանց, երիտասարդների եւ բնիկների մոտ։

JAMA Network Open-ում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդությունից (ԱԼՀ) մահացությունները 2018-2022թթ. տարեկան աճել են գրեթե 9 տոկոսով՝ 2006-2018թթ. գրանցված տարեկան 3.5 տոկոսի համեմատ։

Փորձագետները նշել են, որ աճը, հավանաբար, պայմանավորված է COVID-19 համավարակի ընթացքում ալկոհոլի սպառման աճով, ինչպես նաեւ այլ երկարատեւ առողջական խնդիրներով, ինչպիսին են ճարպակալումը եւ արյան բարձր ճնշումը։

Հետազոտության մեջ օգտագործվել են Միացյալ Նահանգների տարբեր մասերից ստացված մահվան վկայականներ՝ ալկոհոլի հետ կապված հեպատիտից եւ ցիռոզից (լյարդի երկու շատ լուրջ հիվանդություններ) մահերին հետեւելու համար։

Մինչ տղամարդկանց մոտ մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 17 մահ 100 հազարի հաշվով, կանանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի արագ է աճել։ 2022թ. յուրաքանչյուր 100 հազար կանանցից 8-ը մահացել է ԱԼՀ-ից, մինչդեռ ուսումնասիրության ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 3՝ 100 հազարի հաշվով։

Կանանց մահացության մակարդակը տարեկան աճել է մոտ 4.3 տոկոսով, գրեթե երկու անգամ ավելի, քան տղամարդկանց մոտ։ Ամենաշատը տուժել են բնիկների համայնքները։

Ամերիկյան հնդկացիների եւ Ալյասկայի բնիկ մեծահասակների շրջանում ցիռոզից մահացության մակարդակը 2022թ. կազմել է 33 դեպք 100 հազար մարդու հաշվով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ուսումնասիրված բոլոր ռասայական եւ էթնիկ խմբերում։