Պարացետամոլը ընտանեկան դեղատուփերի հիմնական դեղամիջոցն է ողջ աշխարհում, այն օգտագործվում է գլխացավի, ջերմության եւ դաշտանային ցավերի դեմ: Այս դեղամիջոցն այնքան տարածված է, որ դժվար է հավատալ, որ գիտնականները մինչ օրս մինչեւ վերջ չեն հասկացել նրա ազդեցության առանձնահատկությունները։ Այս մասին տեղեկացրել է IFL Science-ը։

Անհնար է դեղամիջոցին հավանություն տալ՝ առանց դրա գործողության մեխանիզմը լիովին հասկանալու: Կլինիկական փորձարկումների ընթացքում ստուգվում են դեղամիջոցի անվտանգությունը, կողմնակի ազդեցությունները եւ արդյունավետությունը, գրել է «Ֆոկուսը»։ Սակայն երբեմն սա կարող է բավարար չլինել դեղամիջոցի ազդեցությունը լիովին հասկանալու համար:

Պարացետամոլը ստեղծվել է ավելի քան 100 տարի առաջ, առաջին անգամ սինթեզվել է 1878թ.: Տասնամյակներ են պահանջվել դեղամիջոցի ներուժը լիովին իրացնելու համար: Այսօր պարացետամոլը կարելի է գնել որպես առանձին դեղամիջոց, այն նաեւ օգտագործվում է որպես բաղադրիչ այլ բանաձեւերում, ինչպիսին են մրսածության եւ գրիպի դեղամիջոցները: Պարացետամոլը նշանակվում է նաեւ այն մարդկանց, ովքեր տարբեր բժշկական պատճառներով չեն կարող ասպիրին ընդունել։

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ պարացետամոլը անմիջականորեն ազդում է ուղեղի եւ ողնուղեղի վրա: Սակայն Երուսաղեմի Եբրայական համալսարանի թիմի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը գործում է նաեւ ուղեղի սահմաններից դուրս: Մասնավորապես, այն ազդում է ծայրամասային նյարդերի վրա, որոնք առաջինն են հայտնաբերում ցավը:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարացետամոլի ցավազրկող հատկությունների հիմնական գործոնը N-արախիդոնոիլֆենոլամին (AM404) մետաբոլիտն է: Երբ դեղամիջոցը մտնում է օրգանիզմ, այն նախ մետաբոլացվում է լյարդում, որտեղ վերածվում է AM404-ի ճարպաթթուների ամիդ հիդրոլազ (FAAH) ֆերմենտի միջոցով:

Մինչեւ վերջերս պարզ չէր, թե ինչպես կարող է AM404-ը օգնել ցավը մեղմելուն։ Պարզվել է, որ AM404-ը արտադրվում է անմիջապես նյարդային վերջույթներում։ Դրանից հետո այն անջատում է նատրիումի անցուղիները, որոնք անհրաժեշտ են ցավի ազդանշանները կենտրոնական նյարդային համակարգ փոխանցելու համար։

«Մենք առաջին անգամ ցույց տվեցինք, որ AM404-ը անմիջականորեն ազդում է ուղեղից դուրս գտնվող նյարդերի վրա։ Սա փոխում է մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պարացետամոլը պայքարում ցավի դեմ»,- նշել է ուսումնասիրության հեղինակ, պրոֆեսոր Ալեքսանդր Բինշտոկը։

Այս վաղեմի առեղծվածի լուծումը կարող է օգնել ստեղծել դեղերի նոր սերունդ: AM404-ի՝ ցավի նեյրոնները թիրախավորելու ունակությունն օգտագործելով՝ հնարավոր կլինի մշակել տեղային անզգայացնող միջոցներ, որոնք կխուսափեն մկանային թուլության նման տարածված կողմնակի ազդեցություններից: