«Հավերժական քիմիկատները» մեր առողջությունը վնասում են դեռեւս մինչեւ մեր ծնվելը, հավաստիացնում է նոր հետազոտությունը։

Պեր- եւ պոլիֆտորալկիլային նյութերը կամ PFAS-ը քիմիական նյութերի խումբ են, որոնք օգտագործվում են առօրյա արտադրանքում, ինչպիսին են սննդի փաթեթները եւ չայրվող խոհանոցային սպասքը: Դրանք կոչվում են «հավերժական քիմիկատներ», քանի որ հեշտությամբ չեն քայքայվում եւ կարող են կուտակվել շրջակա միջավայրում եւ մեր մարմիններում:

Գիտնականները PFAS են հայտնաբերել մարդկանց արյան մեջ, կրծքի կաթում, սերմնահեղուկում, լյարդում եւ նույնիսկ ուղեղում: Նրանք կասկածում են, որ այս քիմիական նյութերը վնասակար են մարդու առողջության համար. հետազոտությունները դրանք, ի թիվս այլ խնդիրների, կապել են բարձր խոլեստերինի, քաղցկեղի որոշ տեսակների եւ բեղունության խնդիրների հետ:

Նոր հետազոտությունը այդ ցանկին ավելացնում է եւս մեկ բարդություն՝ բարձր արյան ճնշումը դեռահասության շրջանում:

Հետազոտությունը դիտարկել է ԱՄՆ-ում ավելի քան 1 000 երեխա եւ օգտագործել է ծնվելուց կարճ ժամանակ անց վերցված մայրական պլազմա՝ նրանց նախածննդյան շրջանում PFAS ազդեցությունը որոշելու համար, եւ այն համեմատել է բժիշկների գրառումների հետ մինչեւ նրանց 18 տարեկան դառնաը:

Journal of the American Heart Association-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ նախածննդյան շրջանում PFAS ազդեցությունը կապված է մանկության, հատկապես պատանեկության շրջանում արյան բարձր ճնշման զարգացման ռիսկի բարձրացման հետ։

Ստացված տվյալները ենթադրում են, որ «հավերժական ​​քիմիկատները կարող են ունենալ երկարատեւ եւ պոտենցիալ վնասակար ազդեցություն, որոնք կարող են ակնհայտ դառնալ միայն ծնվելուց տարիներ անց»,- Euronews-ի փոխանցմամբ՝ ասել է հետազոտության առաջատար հեղինակ, ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտաշխատող Զեյու Լին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ արյան բարձր ճնշման ռիսկն ավելի բարձր էր տղաների եւ սեւամորթ երեխաների մոտ, որոնց ծննդյան ժամանակ PFAS մակարդակը բարձր է եղել:

Հետազոտողներին զարմացրել է այն, որ մի քանի հավերժական քիմիկատներ կապված էին վաղ մանկության շրջանում դիաստոլիկ կամ ստորին զարկերակային ճնշման նվազման հետ, չնայած դա փոխվել է, երբ երեխաները մտել են պատանեկության շրջան:

Մարդու առողջության վրա PFAS ազդեցության վերաբերյալ ապացույցները դեռեւս միանշանակ չեն։

Չնայած հետազոտողները կարծում են, որ այս քիմիկատները ռիսկային են, դժվար է ճշգրիտ որոշել դրանց ազդեցությունը, քանի որ կան հազարավոր PFAS-ներ, որոնք կարող են փոխազդել միմյանց հետ տարբեր ձեւերով, քանի որ մարդու ազդեցությունը ժամանակի ընթացքում փոխվում է։

Այնուամենայնիվ, Լիի խոսքով, վերջին հետազոտությունն ընդգծել է մարդկանց առողջության եւ PFAS մակարդակի հետեւման անհրաժեշտությունը երկար ժամանակահատվածում՝ վաղ մանկությունից մինչեւ պատանեկություն եւ դրանից հետո:

Միեւնույն ժամանակ, հետազոտության ավագ հեղինակ եւ Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ Մինգյու Չժանը նշել է, որ մարդկանց PFAS-ից պաշտպանելու համար անհրաժեշտ է շրջակա միջավայրի ավելի ուժեղ պաշտպանություն, քանի որ դրանք այնքան տարածված են, որ մարդիկ չեն կարող ինքնուրույն սահմանափակել դրանց ազդեցությունը:

Նրա խոսքով՝ դա կարող է ներառել սպառողական ապրանքների եւ արտադրության մեջ հավերժական քիմիկատների փուլային դուրսբերումը, ասել է նա, ինչպես նաեւ ջրամատակարարման մեջ PFAS օգտագործման ավելի ուշադիր մոնիթորինգը եւ սահմանափակումը։

«Սա այն չէ, ինչն անհատները կարող են ինքնուրույն լուծել»,- ասել է Չժանը։