Նեյցզյանի Առաջին ժողովրդական հիվանդանոցի չինացի գիտնականները հայտնաբերել են առանց դեղերի պայքարի նոր միջոց ծնկի հոդերի օսթեոարթրիտի դեպքում։ Պարզվել է, որ բուժման պարզ միջոցները գերազանցում են բազմաթիվ առաջավոր ֆիզիոթերապեւտիկ միջամտությունները։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ամսագրում։

Թիմը վերլուծել է գրեթե 10 հազար պացիենտների մասնակցությամբ 139 կլինիկական փորձարկումների արդյունքները: Առավել արդյունավետ է համարվել երեք մեթոդ՝ հատուկ ծնկակալներ, ջրային վարժություններ եւ թերապեւտիկ վարժություններ: Այս մոտեցումները ոչ միայն թեթեւացրել են ցավը, այլեւ բարելավել հոդերի շարժունակությունը՝ առանց դեղորայքային բուժման կողմնակի ազդեցությունների:

«Մենք զարմացած էինք, թե որքան լավ էին աշխատում պարզ լուծումները: Ծնկակալները լավագույն արդյունքներն են ցույց տվել բոլոր պարամետրերով՝ ցավի նվազեցում, հոդերի ֆունկցիայի վերականգնում եւ կաշկանդվածության նվազեցում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Յուան Լոն:

Ընդ որում՝ բարձրտեխնոլոգիական մեթոդները, ինչպիսին է ուլտրաձայնային թերապիան, վերջին տեղն են զբաղեցրել արդյունավետության վարկանիշում։

Բժիշկներն ընդգծել են արդյունքների կարեւորությունը տարեց պացիենտների համար, որոնք հաճախ տառապում են հակաբորբոքային դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից: Նոր տվյալները կարող են փոխել առկա կլինիկական ուղեցույցները՝ շեշտը դնելով անվտանգ եւ մատչելի բուժումների վրա: