Ավստրալիայի ՄըքՔուորի համալսարանի գիտնականները պարզել են, որ PDI (դիսուլֆիդ իզոմերազ) սպիտակուցն ունակ է վերականգնել վնասված ԴՆԹ-ն։ Այս հայտնագործությունը կարող է օգնել տարիքային նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես՝ Ալցհայմերի և Պարկինսոնի դեմ պայքարում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging Cell բժշկագիտական  հանդեսում։

PDI-ն սովորաբար գործում է բջջի ցիտոպլազմայում (կիսահեղուկ ներքին շերտում)՝ օգնելով մյուս սպիտակուցներին ճիշտ ծալվելու։ Սակայն հետազոտողները պարզել են, որ այդ սպիտակուցը կարող է նաև թափանցել բջջային միջուկ՝ որտեղ պահվում է ԴՆԹ-ն, և մասնակցել դրա վերականգնմանը։

«Տարիքի հետ նեյրոններում կուտակվում է ԴՆԹ-ի միկրովնասվածքը, և այն վերացնելու մեխանիզմները թուլանում են։ Այդ հանգամանքն ուղեղը դարձնում է հատկապես խոցելի», -պարզաբանել է հետազոտության հեղինակներից մեկը՝ նյարդաբան Սինա Շադֆարը։

Փորձի ընթացքում գիտնականները մարդու և մկան բջիջներից հեռացրել են PDI-ն, որից հետո դրանք կորցրել են ԴՆԹ-ն վերականգնելու ունակությունը։ Երբ սպիտակուցը դարձյալ ներարկել են, վերականգնումը վերագործարկվել է։ Նույն ազդեցությունը հաստատվել է զեբրա ձկների շրջանում. PDI-ի ակտիվացումը պաշտպանել է նրանց ԴՆԹ-ն ոչնչացումից։

Թիմն այժմ մշակում է գենային թերապիա, որը կօգտագործի mRNA-ն՝ ուղեղի անհրաժեշտ հատվածներում PDI-ն ակտիվացնելու համար։ Հետազոտողների կարծիքով՝ այս տեխնոլոգիան կարող է հիմք ծառայել ծերացումը կանխելու և ուղեղի հիվանդությունները բուժելու նոր մեթոդների համար։