Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի իտալացի գիտնականները լիրագլուտիդ հակադիաբետիկ դեղամիջոցի մեջ անսպասելի հատկություն են հայտնաբերել։ Դեղամիջոցը կարող է զգալիորեն նվազեցնել միգրենի նոպաների հաճախակիությունը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ֆինլանդիայում, Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի (EAN) ամենամյա կոնգրեսում։
Քրոնիկական միգրենով տառապող եւ ճարպակալում ունեցող 26 պացիենտների 12-շաբաթյա հետազոտությունը ցույց է տվել գլխացավերի հաճախակիության զգալի նվազում։
Կամավորները հայտնել են ամսական միջինը 11 օրով միգրենի օրերի թվի կրճատման մասին, ինչը կրկնակի նվազեցնում է նոպաների հաճախակիությունը: Միեւնույն ժամանակ, պացիենտները նշել են իրենց կյանքի որակի բարելավման մասին, միգրենի հետ կապված անաշխատունակության ցուցանիշը նվազել է 35 կետով:
Գիտնականներն ապացուցել են, որ թերապեւտիկ ազդեցությունը ձեռք է բերվում ոչ թե քաշի կորստի միջոցով, այլ շնորհիվ դեղամիջոցի ազդեցության հատուկ մեխանիզմի։
Լիրագլուտիդը, որը GLP-1 ընկալիչների ագոնիստ է, ցույց է տվել, որ մոդուլացնում է ներգանգային ճնշումը՝ նվազեցնելով ուղեղ-ողնուղեղային հեղուկի սեկրեցիան եւ նվազեցնելով գանգի երակային խոռոչների սեղմումը: Այս գործընթացը հանգեցնում է CGRP-ի արտազատման նվազման, որը միգրենի պաթոգենեզին մասնակցող հիմնական պեպտիդն է:
Պացիենտների մոտ կլինիկական բարելավում նկատվել է արդեն թերապիայի առաջին երկու շաբաթների ընթացքում եւ պահպանվել է ամբողջ հետազոտության ընթացքում: Միեւնույն ժամանակ, կողմնակի ազդեցությունները, հիմնականում աղեստամոքսային տրակտում, գրանցվել են մասնակիցների միայն 38 տոկոսի մոտ եւ չեն պահանջել բուժման դադարեցում:






