Լենակապավիրը զարմանալիորեն արդյունավետ է ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու համար: Դեղամիջոցը, որը պետք է ներարկվի տարեկան ընդամենը երկու անգամ, կարող է խաղի կանոնները փոխել ՄԻԱՎ-ի դեմ պայքարում: Սակայն այն ներկայում մատչելի չէ, գրել է DW-ն:
Երբ լենակապավիրի փորձարկումների արդյունքները ՁԻԱՀ համաշխարհային համաժողովում ներկայացվեցին 2024թ. հուլիսին, մասնագետները լի էին ոգեւորությամբ. դա կարող է վճռորոշ առաջընթաց գրանցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։
Այս հակառետրովիրուսային դեղամիջոցը ցույց է տվել գրեթե 100 տոկոս արդյունավետություն ՄԻԱՎ վարակի կանխարգելման եւ բուժման գործում: Ավելին, այն անհրաժեշտ է ընդունել տարեկան ընդամենը երկու անգամ: Համեմատության համար. այլ կանխարգելիչ դեղամիջոցներ, ինչպիսիք են կաբոտեգրավիրի (CAB) ներարկումները, տրվում են յուրաքանչյուր 1-2 ամիսը մեկ, մինչդեռ տրուվադա դեղահաբերը պետք է ընդունել ամեն օր։
Խոսքը միայն հարմարավետության մասին չէ։ Այն փաստը, որ ներարկումները պետք է այդքան հազվադեպ՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անել, կարող է շատ ավելի հեշտացնել իրավիճակը։ Դեռեւս պարզ չէ, թե արդյոք լենակապավիրը կդառնա երկար սպասված շրջադարձային պահը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում. դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե այն օգտագործվի մեծ մասշտաբով։ Եվ որպեսզի դա տեղի ունենա, դեղամիջոցը պետք է գնի առումով մատչելի լինի։
Լենակապավիրն այժմ անհավանական թանկ արժե. Gilead ընկերությունը բուժման համար տարեկան գանձում է ավելի քան 40 000 դոլար մեկ անձի համար: ՄԻԱՎ կանխարգելման այլ դեղամիջոցների արժեքը միջինը կազմում է ամսական 50-60 եվրո կամ տարեկան մոտ 600-700 եվրո:
Gilead-ը բարձր գինը բացատրում է զարգացման բազմամյա ծախսերով։ Սակայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի փորձագետներն ու ակտիվիստները չեն ընդունում այս փաստարկը։ Օրինակ՝ Աստրիդ Բերներ-Ռոդորեդան հղում է կատարում Լիվերպուլի համալսարանի բրիտանացի դեղագետ Էնդրյու Հիլի հաշվարկներին, որը հաշվարկել է լենակապավիրի արտադրության իրական ծախսերը։
Հիլի կարծիքով՝ անգամ 30 տոկոս շահութաբերության դեպքում դեղամիջոցի գինը պետք է կազմի ընդամենը տարեկան 40 դոլար, այսինքն՝ Gilead-ի սահմանածի մեկ հազարերորդը։






