Նիդեռլանդների իշխանությունները խորհուրդ են տալիս արգելել մինչև 15 տարեկան երեխաներին և դեռահասներին օգտվել TikTok-ի և Instagram-ի նման սոցիալական ցանցերից, խստորեն սահմանափակել այն ժամանակը, որը երեխաներն անցկացնում են բջջային սարքերի հետ, և արգելել էկրանները մանկական ննջասենյակներում։

Թագավորության առողջապահության նախարարությունն ընդգծում է, որ սոցցանցերում մշտական ներկայությունն առաջացնում է հոգեբանական և ֆիզիոլոգիական խնդիրներ՝ ներառյալ քնի հետ կապված դժվարություններ, դեպրեսիա, խուճապային գրոհներ, հայտնում է Euronews-ը։ Նիդեռլանդների խորհրդարանի փորձագիտական խումբը հաստատել է այս եզրահանգումները։

Այս տարվա փետրվարին անգամ Նիդեռլանդների թագուհի Մաքսիման հայտարարել է, որ իր կրտսեր դուստրը՝ արքայադուստր Արիանան, տեսողության հետ կապված խնդիրներ ունի, քանի որ չափազանց շատ ժամանակ է անցկացնում հեռախոսով։

TikTok-ը և Instagram-ը ներկայումս պահանջում են, որ օգտատերերը 13 տարեկանից բարձր լինեն։

Նիդեռլանդացի բժիշկները կարծում են, որ այդ տարիքը հարմար է միայն մեսենջերներից, օրինակ՝ WhatsApp-ից կամ Signal-ից, օգտվել սկսելու համար, որոնցում սոցցանցերի բացահայտ գործառույթներ չկան։

Նիդեռլանդներում արդեն իսկ արգելված է դպրոցներում բջջային սարքերի օգտագործումը, սակայն նոր առաջարկությունները դեռևս իրավական պարտադիր ուժ չունեն։

Նմանատիպ օրինագծեր քննարկում են ևս մի քանի եվրոպական երկրներ. ԵՄ որոշ պետություններում դեռահասները կարող են օգտահաշիվներ ստեղծել միայն ծնողների հավանությամբ։