Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։

Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։

Նիտրատները բնական միացություններ են, որոնք պարունակվում են բազմաթիվ պարարտանյութերում եւ ընդերքային ջրերում։ Հետազոտողները հավաստիացնում են, որ սննդի մեջ օգտագործվելու դեպքում դրանք կարող են խախտել թթվածին մատակարարելու արյան ունակությունը։ Հղիության ելքի վրա պոտենցիալ ազդեցությունն ուսումնասիրելու համար նրանք համեմատել են ծննդյան մասին ավելի քան 350 հազար գրառումները՝ գրանցված Այովայում 1970-1988թթ., նիտրատների տեղի ցուցանիշների ընդգրկմամբ, որոնք ստացվել են սաղմնավորումից հետո 30 օրվա ընթացքում։

Արդյունքները ցույց են տվել, որ մեկ լիտր ջրում 0,1 միլիգրամը կամ ընթացիկ EPA թույլատրելի մակարդակի ընդամենը 1 տոկոսը գերազանցող նիտրատների վաղ ներարգանդային ազդեցությունը կապված է վաղաժամ ծննդաբերությունների թվի աճի հետ։ Իսկ մեկ լիտր ջրում ավելի քան 5 միլիգրամի վաղ նախածննդյան ազդեցությունը՝ EPA նորմի մոտ կեսը, պարզվել է, կապված է մարմնի ցածր զանգված ունեցող երեխաների ծնվելու հետ։

Առաջատար հեղինակ Ջեյսոն Սեմպրինին Դե Մոյնի համալսարանի բժշկական գիտությունների քոլեջից ընդգծել է, որ ջրում EPA սահմանած նիտրատների պարունակության շեմային մեծությունները հաշվի չեն առնում նախածննդյան ազդեցությունը եւ չեն թարմացվել 1992-ից։