Ուրբաթ օրը ԱՄՆ Արիզոնա նահանգի հյուսիսային հատվածի բնակիչ է մահացել թոքային ժանտախտից։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարության ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Ըստ դաշնային առողջապահական մարմինների տվյալների՝ ժանտախտը հազվադեպ է ախտահարում մարդկանց և ԱՄՆ-ում տարեկան միջինը գրանցվում է մոտ յոթ դեպք, որոնց մեծ մասը՝ արևմտյան նահանգներում։ Տեղական պաշտոնյաների խոսքով՝ Կոկոնինո շրջանում, որտեղ գտնվում է Ֆլագստաֆը, գրանցված մահը թոքային ժանտախտից առաջինն է եղել 2007 թվականից ի վեր։
Ավելի մանրամասն տեղեկություններ, ներառյալ զոհի ինքնությունը, չեն հրապարակվում։
Ժանտախտը բակտերիալ վարակ է, որը 14-րդ դարում Եվրոպայում հանգեցրել է տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան։ Սակայն այսօր այն հեշտությամբ բուժվում է հակաբիոտիկներով։
Ժանտախտի ամենատարածված ձևը բուբոնային ժանտախտն է, որը բնական ճանապարհով տարածվում է կրծողների՝ օրինակ՝ դաշտային շների և առնետների շրջանում։ Գոյություն ունեն ևս երկու ձև՝ սեպտիկ ժանտախտը, որը տարածվում է ամբողջ օրգանիզմում և թոքային ժանտախտը, որն ախտահարում է թոքերը։
Թոքային ժանտախտը ամենամահաբեր և ամենահեշտ տարածվող ձևն է։ Բակտերիան փոխանցվում է վարակված լվերի խայթոցների միջոցով, որոնք կարող են այն տարածել կրծողների, ընտանի կենդանիների և մարդկանց միջև։ Մարդիկ կարող են նաև վարակվել ժանտախտով՝ շփվելով վարակված մարմնական հեղուկների հետ։ Առողջապահության փորձագետները խորհուրդ են տալիս հատկապես զգույշ լինել մեռած կամ հիվանդ կենդանիների հետ շփվելիս։






