Գիշերային կանոնավոր արթնացումները կարող են սրտանոթային հիվանդությունների, դրանց թվում՝ ինսուլտի և սրտային անբավարարության սաստկացման ռիսկի մասին տագնապալի ախտանիշ լինել, ըստ Daily Express-ի՝ նման եզրակացության են հանգել Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի փորձագետները:

Դոկտոր Բաստիեն Լեշատի գլխավորած գիտնականների թիմն անցկացրել է առաջին լայնածավալ հետազոտությունը՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ՝ գիշերը տանը քնի մոնիթորինգի համար, գրում է Planet Today-ը։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 72 հազար մարդ, և երկարաժամկետ վերլուծությունը խռմփոցի, ընդհատված քնի և բարձր արյան ճնշման միջև փոխադարձ կապ է հայտնաբերել։

Դոկտոր Լեշատը նշել է, որ մասնագետներն առաջին անգամ կարողացել են օբյեկտիվորեն գրանցել փոխադարձ կապը գիշերային կանոնավոր խռմփոցի և արյան ճնշման բարձրացման միջև։ Հետազոտության մտահոգիչ արդյունքներից մեկն, ըստ նրա, այն էր, որ բոլոր մասնակիցների մոտ 15 տոկոսը, որոնց մեծ մասը ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ էին, խռմփացնում էին իրենց քնի ընդհանուր ժամանակի ավելի քան 20 տոկոսը։ Միևնույն ժամանակ, նրանց շրջանում ավելի հաճախակի էին գրանցվում անվերահսկելի հիպերտոնիայի դրվագներ, ինչը մեծացնում է առողջական լուրջ հետևանքների ռիսկը:

Գիտնականը շեշտել է, որ հիպերտոնիան, այսինքն՝ խրոնիկական բարձր արյան ճնշումը, կարող է մի շարք վտանգավոր վիճակներ հրահրել՝ կաթվածից մինչև երիկամային անբավարարություն և սրտին առնչվող խնդիրներ։ Քնի կանոնավոր խանգարումը, հատկապես, եթե այն տեղի է ունենում շաբաթական հինգ կամ վեց գիշեր, հանգեցնում է խրոնիկական քնի խանգարումների, որոնք, ըստ դոկտոր Լեշատի, կարող են մահացու վախճան ունենալ։

Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գիշերային ճնշման տատանումները հատկապես վտանգավոր են այն մարդկանց համար, ովքեր հակված են ավելորդ քաշի և տառապում են խռմփոցից։ Գիշերը բարձր արյան ճնշումն աննկատ է մնում բուժառուների մեծ մասի համար, բայց հենց դա է դառնում ինսուլտի կամ սրտի անբավարարության սաստկացման թաքնված ռիսկի գործոն։

Մասնագետները պնդում են տանը քնի ախտորոշման անհրաժեշտության մասին, հատկապես ավելորդ մարմնի քաշ և քնի խանգարման ախտանիշներ ունեցող բուժառուների մոտ։ Հետազոտողների կարծիքով՝ այդ արդյունքները նոր հնարավորություններ են բացում քնի խանգարումներին առնչվող սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար և կարող են հիմք ծառայել ավելի ճշգրիտ ախտորոշիչ և թերապևտիկ եղանակների համար։

Փորձի ընթացքում օգտագործվել են տեխնոլոգիաներ, որոնք մասնակիցներին հնարավորություն են տվել իրական պայմաններում երկար ժամանակահատվածում հսկել, ինչը հնարավորություն է ընձեռել խուսափել լաբորատոր եղանակներին բնորոշ տվյալների աղավաղումներից։ Հենց այդ մոտեցումն էր, ինչպես ընդգծել է Լեշատը, օգնել բացահայտել այնպիսի օրինաչափություններ, որոնք ավելի վաղ չէր հաջողվում գրանցել։

Գիտնականի համոզմամբ՝ մշտական խռմփոցը և ընդհատված քունը չպետք է համարել անվնաս երևույթ, այլ՝ պոտենցիալ վտանգավոր ախտանիշ, որը բժշկական օգնություն է պահանջում։ «Եթե քունը խաթարվում է գրեթե ամեն գիշեր, դա պարզապես անհարմարություն չէ, այլ գործոն, որը կարող է կյանքեր արժենալ»,-հավելել է գիտնականը: